ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 19

1 Յովաբին յայտնեցին, թէ արքան լալով ողբում էր Աբեսաղոմի մահը։
2 Այդ օրը յաղթանակը սուգի վերածուեց ամբողջ զօրքի համար, քանզի զօրքն այդ օրը լսել էր, թէ արքան տխրեց իր որդու համար։
3 Այդ օրը զօրքը գաղտագողի էր քաղաք մտնում այնպէս, ինչպէս ամօթահար զօրքը փախչում է պատերազմից։
4 Արքան իր երեսը ծածկեց եւ բարձրաձայն ողբալով՝ ասում էր. Որդեա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ։
5 Յովաբը մտնելով պալատ, արքայի մօտ՝ ասաց. Դու այսօր ամօթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո տղաներին ու աղջիկներին, քո կանանց ու հարճերին։
6 Սիրում ես քեզ ատողներին եւ ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցոյց տուեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները։ Ես հաստատ գիտեմ, որ, եթէ Աբեսաղոմը կենդանի լինէր, մենք ամէնքս այսօր մեռած կը լինէինք, եւ դա քեզ հաճելի կը լինէր։
7 Արդ, վե՛ր կաց եւ սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդւում եմ Տիրոջ անունով, որ, եթէ այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մօտ մարդ չի մնայ։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ աւելի վատ կը լինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկութիւնից սկսած մինչեւ այժմ։
8 Արքան ելաւ ու նստեց դարպասի մօտ։ Ամբողջ զօրքին յայտնեցին՝ ասելով. Ահա արքան նստել է դարպասի մօտ։ Ամբողջ զօրքը եկաւ արքայի առաջ, իսկ իսրայէլացիները փախան իրենց բնակութեան վայրերը։
9 Ամբողջ ժողովուրդը Իսրայէլի բոլոր ցեղերի խղճմտանքին էր դիմում՝ ասելով. Դաւիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, նա մեզ ազատեց այլազգիների ձեռքից, իսկ հիմա Աբեսաղոմի պատճառով փախստական է դարձել իր երկրից ու թագաւորութիւնից։
10 Աբեսաղոմը, որին մեզ թագաւոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չէք խօսում արքային յետ դարձնելու մասին։
11 Բոլոր իսրայէլացիների ասած այդ խօսքերը հասան արքային, եւ Դաւիթ արքան մարդ ուղարկեց Սադոկ եւ Աբիաթար քահանաների մօտ՝ ասելով. Խօսեցէ՛ք Յուդայի երկրի ծերերի հետ եւ ասացէ՛ք. Ինչո՞ւ վերջինը դառնանք արքային իր տունը յետ բերողների մէջ, քանզի բոլոր իսրայէլացիների ասած խօսքը հասաւ արքային։
12 Դաւիթն ասաց Յուդայի ցեղին. Դուք իմ ոսկորն ու մարմինն էք, ինչո՞ւ էք վերջինը մնում արքային իր տունը յետ բերողների մէջ։
13 Ամեսայիին ասացէ՛ք. Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստուած ինձ այսպէս ու աւելին անի, եթէ դու ամէն ժամանակ իմ զօրքի հրամանատար չլինես Յովաբի փոխարէն։
14 Դաւիթը Յուդայի երկրի բոլոր մարդկանց սրտերը մէկ մարդու սրտի պէս դէպի իրեն դարձրեց, եւ սրանք պատգամաւորներ ուղարկեցին արքայի մօտ՝ ասելով. Յե՛տ դարձէք դու եւ քո բոլոր ծառաները։
15 Արքան վերադարձաւ ու եկաւ մինչեւ Յորդանան գետը։ Յուդայի երկրի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմաւորելու եւ Յորդանան գետով անցկացնելու համար։
16 Յեմինայի որդի Գերայի որդի բաւուրիմացի Սեմէին շտապեց ու Յուդայի երկրի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկաւ դիմաւորելու Դաւիթ արքային։
17 Սաւուղի տան ծառայ Սիբան իր տասնհինգ որդիների եւ քսան ծառաների հետ եկաւ, որ կազմակերպի արքայի անցումը Յորդանան գետից։
18 Լաստեր պատրաստեցին, որ անցկացնեն արքայի ընտանիքը եւ նրա ողորմածութեանն արժանանան։
19 Մինչ արքան Յորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմէին երեսնիվայր ընկաւ արքայի առաջ։
20 Նա ասաց արքային. Թող իմ տէր արքան մոռանայ իմ անօրէնութիւնը, չյիշի, որ իր ծառան յանցանք է գործել այն օրը, երբ իմ տէրը դուրս էր եկել Երուսաղէմից։
21 Թագաւորն այն թող մոռանայ, քանզի քո ծառան գիտի, որ մեղք է գործել, եւ այսօր ահաւասիկ Յովսէփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել դիմաւորելու իմ տէր արքային։
22 Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տալով՝ ասաց. Մի՞թէ Սեմէին չի մեռնելու այն բանի փոխարէն, որ նա անիծեց Տիրոջ օծեալին։
23 Դաւիթն ասաց. Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դէմ դաւաճանութիւն էք անում։ Այսօր Իսրայէլից ոչ ոք չի մեռնելու։ Մի՞թէ ես չգիտեմ, որ այսօր ես եմ թագաւորում Իսրայէլի վրայ։
24 Եւ արքան ասաց Սեմէիին. Դու պիտի չմեռնես։ Եւ արքան երդուեց նրան։
25 Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն արքային ընդառաջ եկաւ։ Նա արքայի գնալու օրուանից մինչեւ նրա խաղաղութեամբ վերադառնալը ո՛չ իր ոտքերն էր խնամել, ո՛չ եղունգներն էր կտրել, ո՛չ մօրուքը տեսքի բերել, ո՛չ բեղերը շտկել եւ ո՛չ էլ հագուստներն էր լուացել։
26 Երբ նա մտաւ Երուսաղէմ եւ ընդառաջ ելաւ արքային, արքան ասաց նրան. Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթէ՛։
27 Մեմփիբոսթէն նրան ասաց. Տէ՛ր իմ արքայ, ծառաս ինձ խաբեց, քանզի քո ծառան ասաց նրան, թէ Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մօտ, քանի որ քո ծառան կաղ է։
28 Իսկ նա՝ քո ծառան, տէ՛ր իմ արքայ, քեզ մօտ ինձ զրպարտել է։ Տէ՛ր իմ արքայ, որպէս Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։
29 Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է. թէեւ իմ հօր ամբողջ տունը իմ տէր արքայի առաջ մահուան արժանի մարդիկ են, բայց դու քո ծառային դրեցիր այն մարդկանց շարքը, որոնք արքայի սեղանից են ուտում։ Արդ, այսուհետեւ էլ ի՞նչ իրաւունք ունեմ արքային բողոքելու։
30 Արքան նրան ասաց. Ինչո՞ւ ես ասում այդ խօսքերը։
31 Ասել եմ, որ դու եւ Սիբան բաժանէք ագարակը։ Մեմփիբոսթէն ասաց արքային. Նա նոյնիսկ ամբողջը թող առնի, քանի որ արքան խաղաղութեամբ իր տունն է վերադարձել։
32 Գաղաադացի Բերզելին եկաւ Ռոգելիմից եւ արքային անցկացրեց Յորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչեւ Յորդանան գետի միւս կողմը։
33 Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր, որ արքային կերակրել էր, երբ վերջինս բնակւում էր Բանակատեղիներում, քանի որ նա շատ հարուստ մարդ էր։
34 Արքան ասաց Բերզելիին. Դու ե՛կ ինձ հետ, եւ ես քո ծերութեան օրերին քեզ կը կերակրեմ Երուսաղէմում։
35 Բերզելին ասաց արքային. Ինչքա՞ն են իմ կեանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղէմ։
36 Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Միթէ կարո՞ղ եմ լաւը վատից տարբերել, կամ թէ ծառադ արդեօք կերածի ու խմածի համը կ՚առնի՞, կամ թէ տակաւին կը լսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։
37 Ինչո՞ւ ծառադ բեռ լինի իր տէր արքային։ Քո ծառան արքայի հետ հազիւ անցնի Յորդանան գետը։ Ինչո՞ւ արքան ինձ այդ հատուցումն է տալիս։
38 Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հօր ու մօր գերեզմանի մօտ։ Թող քո ծառայ Քամաա՛մն անցնի իմ տէր արքայի հետ, եւ նրան արա՛ այն, ինչ բարի է քո աչքին։
39 Արքան ասաց. Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, եւ ես նրան կ՚անեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամէն ինչ, որ դու ինձանից կ՚ակնկալես, կ՚անեմ քեզ համար։
40 Ամբողջ ժողովուրդն անցաւ Յորդանան գետը. անցաւ եւ արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, եւ սա իր տեղը վերադարձաւ։
41 Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցաւ գնաց նրա հետ։ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ Իսրայէլի ժողովրդի կէսը գնացին արքայի հետ։
42 Բոլոր իսրայէլացիները եկան ու ասացին արքային. Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Յուդայի երկրի մարդիկ, քեզ փախցրին եւ արքային ու նրա տունն անցկացրին Յորդանան գետով։
43 Յուդայի երկրի մարդիկ պատասխանեցին իսրայէլացիներին՝ ասելով. Որովհետեւ արքան մեզ աւելի հարազատ է։ Եւ ինչո՞ւ էք դժգոհ այդ բանի համար։ Միթէ արքան մեզ կերակրե՞լ է կամ մեզ պարգեւնե՞ր է տուել եւ կամ մեր բեռը կրե՞լ է։
44 Իսրայէլացիները Յուդայի երկրի մարդկանց պատասխանեցին՝ ասելով. Մենք տասն անգամ աւելի իրաւունք ունենք արքային մօտ, քան դուք։ Անդրանիկը մենք ենք, ոչ դուք։ Դաւթի նկատմամբ էլ մենք աւելի շատ իրաւունք ունենք, քան դուք։ Ինչո՞ւ մեզ անարգեցիք եւ մեր խորհուրդը չհարցրիք նախքան արքային մեզ մօտ վերադարձնելը։ Եւ Յուդայի երկրի մարդիկ աւելի խիստ էին խօսում, քան իսրայէլացիները։