ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 13

1 Դաւթի որդի Աբեսաղոմը ունէր շատ գեղեցիկ մի քոյր, որի անունն էր Թամար։ Դաւթի որդի Ամոնը սիրեց նրան։
2 Ամոնը նեղւում էր այն աստիճան, որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով։ Թամարը կոյս էր, եւ Ամոնի համար դժուար էր նրան մերձենալու որեւէ փորձ անել։
3 Ամոնն ունէր Յովնադաբ անունով մի ընկեր, որը Դաւթի եղբայր Սամաայի որդին էր։ Յովնադաբը շատ խորագէտ մարդ էր։
4 Սա ասաց Ամոնին. Ինչո՞ւ ես դու այդպէս օրէցօր հիւծւում, ո՜վ արքայորդի, եւ ինձ չես պատմում։ Ամոնը նրան ասաց. Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում։
5 Յովնադաբն ասաց նրան. Պառկի՛ր քո անկողնում, հիւա՛նդ ձեւացիր, ու երբ հայրդ գայ քեզ տեսնելու, կ՚ասես նրան. Թող իմ քոյր Թամարը գայ, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խաւիծ տայ, որպէսզի տեսնեմ եւ ուտեմ նրա ձեռքից։ Ամոնը պառկեց ու հիւանդ ձեւացաւ։
6 Արքան եկաւ նրան տեսնելու։ Ամոնն ասաց արքային. Թող իմ քոյր Թամարը գայ ինձ մօտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից։
7 Դաւիթը մարդ ուղարկեց տուն, Թամարի մօտ՝ ասելով. Գնա՛ քո եղբայր Ամոնի տունը եւ նրա համար կերակո՛ւր պատրաստիր։
8 Թամարը գնաց իր եղբայր Ամոնի տունը, ուր նա պառկած էր, վերցրեց ալիւրը, խմոր շաղեց, նրա աչքի առաջ բլիթներ պատրաստեց ու եփեց դրանք։
9 Թամարն առաւ տապակը եւ դատարկեց նրա առաջ, սակայն նա չուզեց ուտել։ Ամոնն ասաց. Իմ մօտ գտնուող բոլոր մարդկանց դո՛ւրս հանեցէք։ Բոլորին դուրս հանեցին իր մօտից։ Ամոնն ասաց Թամարին.
10 Կերակուրը տա՛ր սենեակ, որ քո ձեռքից ուտեմ։ Թամարն առաւ իր պատրաստած բլիթները,
11 տարաւ իր եղբայր Ամոնի սենեակը ու մօտեցրեց նրան, որ ուտի։
12 Նա բռնելով նրան՝ ասաց. Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛յր իմ։ Թամարն ասաց նրան. Ո՛չ, եղբա՛յր, ինձ մի՛ բռնացիր, քանզի Իսրայէլում այդպիսի բան չի արւում։
13 Դու էլ մի՛ արա այդ անզգամութիւնը։ Ես ինչպէ՞ս տանեմ իմ նախատինքը։ Դու անզգամներից մէկը կը լինես Իսրայէլում։ Արդ, խօսի՛ր արքայի հետ, եւ նա չի հրաժարուի ինձ քեզ տալուց։
14 Ամոնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնութիւն գործադրեց եւ պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։
15 Ամոնը դրանից յետոյ շատ մեծ ատելութեամբ լցուեց Թամարի դէմ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը, որով ատեց նրան, քան նախկին սէրը, որով սիրել էր։ Ամոնն ասաց նրան. Վե՛ր կաց, գնա՛։
16 Թամարը նրան ասաց. Դուրս քշելով ինձ՝ աւելի մեծ չարիք ես գործում, քան այն, որ արեցիր ինձ հետ։
17 Ամոնը, սակայն, չուզեց լսել նրան եւ, կանչելով իր տան վերակացու սպասաւորին, ասաց նրան. Դո՛ւրս հանիր սրան իմ մօտից եւ դուռը փակի՛ր նրա յետեւից։
18 Թամարի վրայ գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգօտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագաւորների կոյս դուստրերը։ Սպասաւորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա յետեւից։
19 Թամարը մոխիր վերցնելով՝ ածեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգօտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին եւ գնաց՝ լաց լինելով։
20 Նրա եղբայր Աբեսաղոմը հարցրեց նրան. Մի՞թէ քո եղբայր Ամոնը քեզ հետ պառկեց։ Արդ, քո՛յր իմ, լո՛ւռ մնա, որովհետեւ նա քո եղբայրն է։ Մտքիցդ մի՛ անցկացրու այդ բանը պատմել։ Եւ Թամարը, որպէս այրի, բնակուեց իր եղբայր Աբեսաղոմի տանը։
21 Արքան այս բաները լսելով՝ խիստ բարկացաւ, սակայն չվրդովեց իր որդի Ամոնի հոգին, քանի որ նա իր անդրանիկ որդին էր, եւ արքան սիրում էր նրան։
22 Աբեսաղոմը Ամոնի մասին վատ կամ լաւ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
23 Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակայ Բեթմարոն բնակավայրում պէտք է խուզէր իր ոչխարները, իր մօտ հրաւիրեց արքայի բոլոր որդիներին։
24 Աբեսաղոմը գալով արքայի մօտ՝ ասաց նրան. Ահաւասիկ քո ծառայի ոչխարները խուզելու ժամանակն է։ Արքան ու նրա ծառաները քո ծառայի հետ թող գնան Բեթմարոն։
25 Արքան ասաց Աբեսաղոմին. Ո՛չ, որդեա՛կ իմ, ամէնքս թող չգնանք ու չծանրաբեռնենք քեզ։ Նա պնդեց, սակայն արքան չուզեց գնալ եւ օրհնեց նրան։
26 Աբեսաղոմն ասաց. Այդ դէպքում գոնէ ինձ հետ թող գայ իմ եղբայր Ամոնը։
27 Արքան ասաց. Ինչո՞ւ նա գնայ քեզ հետ։ Աբեսաղոմը պնդեց, եւ արքան նրա հետ ուղարկեց Ամոնին ու իր բոլոր որդիներին։
28 Աբեսաղոմը թագաւորավայել խրախճանք սարքեց։ Նա պատուիրեց իր ծառաներին՝ ասելով. Տեսէ՛ք, երբ որ Ամոնը հարբի գինուց, եւ ես ձեզ ասեմ՝ Խփեցէ՛ք Ամոնին եւ սպանեցէ՛ք նրան, մի՛ վախեցէք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։
29 Քաջասի՛րտ եղէք ու զօրացէ՛ք։ Եւ Աբեսաղոմի զինուորները Ամոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, եւ ամէն մէկն իր ջորին հեծնելով՝ փախաւ։
30 Մինչ նրանք ճանապարհին էին, գոյժը հասաւ Դաւթին, թէ Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին, նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։
31 Ելաւ արքան, իր զգեստները պատառոտեց ու գետին ընկաւ։ Բոլոր ծառաները նրա շուրջն էին կանգնել իրենց պատառոտուած զգեստներով։
32 Դաւթի եղբայր Սամաայի որդի Յովնադաբն ասաց. Մի՛ ասա, իմ տէ՛ր արքայ, թէ՝ Արքայի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամո՛նը մեռաւ։ Աբեսաղոմն այդպէս էր որոշել այն օրուանից, երբ Ամոնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
33 Արդ, թող իմ արքան այդ բանն իր սրտին մօտիկ չընդունի եւ չասի, թէ՝ Արքայի բոլոր որդիները մեռան։ Միայն Ամո՛նը մեռաւ։
34 Եւ Աբեսաղոմը փախաւ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ մի խումբ մարդիկ են գալիս լերան լանջի զառիվայր ճանապարհով։ Նա եկաւ ու պատմեց արքային՝ ասելով. Որոնիմի ճանապարհին, լերան լանջին մարդկանց տեսայ։
35 Յովնադաբն ասաց արքային. Ահա արքայի որդիներն են գալիս։ Ինչ որ ասաց քո ծառան, այդպէս էլ եղաւ։
36 Երբ նա խօսքը վերջացրեց, ահա եկան արքայի որդիները եւ իրենց ձայնը բարձրացնելով՝ լաց եղան։ Արքան էլ իր բոլոր ծառաների հետ հեկեկալով՝ լաց եղաւ։
37 Աբեսաղոմը փախաւ ու գնաց Գեսուրի արքայ Եմիուդի որդի Թոլմելեմի մօտ, Մաքուլի երկիրը։ Դաւիթը ամբողջ ժամանակ սուգ էր անում իր որդու համար,
38 իսկ Աբեսաղոմը փախել ու գնացել էր Գեսուր, ուր մնաց երեք տարի։
39 Դաւիթ արքայի զայրոյթը Աբեսաղոմի դէմ հանդարտուեց, որովհետեւ նա մխիթարուել էր մեռած Ամոնի համար։