ԹՈՒԵՐ. Chapter 20

1 Իսրայէլացիները ամբողջ ժողովրդի հետ առաջին ամսին եկան Սինայի անապատ, եւ ժողովուրդը բանակատեղի դրեց Կադէսում։ Մարիամը վախճանուեց այնտեղ ու այնտեղ էլ թաղուեց։
2 Ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի հաւաքուեց Մովսէսի ու Ահարոնի գլխին։
3 Մովսէսի դէմ գանգատուելով՝ մարդիկ ասում էին. Աւելի լաւ կը լինէր, եթէ մենք էլ մեռնէինք, երբ Տիրոջ առջեւ կոտորւում էին մեր եղբայրները։
4 Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ կոտորուենք մենք ու մեր անասունները։
5 Ինչո՞ւ հանեցիք մեզ Եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս վատ տեղը, ուր ո՛չ սերմ կը լինի ցանել, ո՛չ սեխ կայ, ո՛չ այգիներ, ո՛չ նռնենիներ եւ ո՛չ իսկ խմելու ջուր։
6 Մովսէսն ու Ահարոնը ժողովրդի մօտից գնացին վկայութեան խորանի դուռը եւ երեսնիվայր ընկան գետին։ Եւ Տիրոջ փառքը երեւաց նրանց։
7 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
8 Վերցրո՛ւ գաւազանը, դու եւ քո եղբայր Ահարոնը ժողովրդին հաւաքեցէ՛ք, նրանց ներկայութեամբ ասացէ՛ք այդ ապառաժին, եւ նա կը տայ իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կը հանէք եւ կը խմեցնէք ժողովրդին ու նրանց անասուններին։
9 Մովսէսն առաւ Տիրոջ առջեւ գտնուող գաւազանը, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն։ Մովսէսն ու Ահարոնը ժողովրդին հաւաքեցին ապառաժի դիմաց։
10 Մովսէսն ասաց նրանց. Լսեցէ՛ք ինձ, ապստամբնե՛ր, հնարաւո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք։
11 Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացնելով՝ երկու անգամ հարուածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, եւ ժողովուրդն ու անասունները խմեցին։
12 Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնին. Քանի որ դուք ինձ չհաւատացիք, որ ես կարող եմ ինձ սրբացնել իսրայէլացիների առջեւ, ուստի դուք այդ ժողովրդին չէք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տուել։
13 Այդ աղբիւրը կոչուեց Հակաճառութեան ջուր, որովհետեւ իսրայէլացիները հակաճառել էին Տիրոջ առջեւ։ Եւ նա սրբացաւ նրանց մէջ։
14 Մովսէսը Կադէսից պատգամաւորներ ուղարկեց եդոմացիների արքայի մօտ եւ ասաց. Այսպէս են ասում քո եղբայր իսրայէլացիները. Դու ինքդ տեղեակ ես այն բոլոր նեղութիւններին, որ կրեցինք մենք,
15 թէ ինչպէս մեր հայրերը գնացին Եգիպտոս, ուր պանդուխտ էինք երկար ժամանակ, թէ եգիպտացիները ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։
16 Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջեւ, նա լսեց մեր ձայնը եւ հրեշտակ ուղարկելով՝ մեզ հանեց Եգիպտոսից։ Եւ հիմա մենք Կադէս քաղաքում ենք, քո երկրի սահմանների մօտ։
17 Արդ, պիտի անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կ՚անցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կը խմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կը գնանք, աջ կամ ձախ չենք շեղուի, մինչեւ որ դուրս գանք քո սահմաններից։
18 Եդոմացիների արքան նրանց ասաց. Իմ երկրով չանցնէք, ապա թէ ոչ պատերազմի կ՚ելնեմ ձեր դէմ։
19 Իսրայէլացիներն ասացին նրան. Լերան մօտով կ՚անցնենք։ Եթէ մենք ու մեր հօտերը խմենք քո ջրից, քեզ դրա գինը կը տանք։ Մենք շատ բան չենք պահանջում, թող անցնենք լերան մօտով։
20 Նա պատասխանեց. Չանցնէք իմ երկրով։ Եւ եդոմացիները իսրայէլացիների դէմ ելան մեծ ու լաւ զինուած զօրքով։
21 Եդոմացիները չցանկացան իսրայէլացիներին ճանապարհ տալ իրենց երկրի սահմանների միջով, ուստի իսրայէլացիները խուսափեցին նրանցից։
22 Նրանք Կադէսից դուրս գալով՝ եկան Հոր լեռը։
23 Տէրը Հոր լերան վրայ, Եդոմացիների երկրի սահմանի մօտ, խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
24 Ահարոնը մեռնելով թող միանայ իր նախնիների մեռելներին։ Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տուել եմ իսրայէլացիներին, որովհետեւ դուք ինձ բարկացրիք Հակաճառութեան ջրի հարցում։
25 Ահարոնին ու նրա որդի Եղիազարին ամբողջ ժողովրդի ներկայութեամբ բարձրացրո՛ւ Հոր լեռը։
26 Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը եւ այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, եւ Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանայ իր նախնիների մեռելներին։
27 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայութեամբ Ահարոնին բարձրացրեց Հոր լեռը,
28 նրա վրայից հանեց նրա զգեստները եւ դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։
29 Ահարոնը մեռաւ լերան գագաթին, իսկ Մովսէսն ու Եղիազարը իջան լեռից։
30 Ամբողջ ժողովուրդը տեսաւ, որ վախճանուեց Ահարոնը, եւ բոլոր իսրայէլացիները երեսուն օր ողբացին Ահարոնի մահը։