ԹՈՒԵՐ. Chapter 5

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր դիակի ձեռք տալով պիղծ են դարձել,
3 այր լինեն նրանք թէ կին։ Բանակատեղիից արձակեցէ՛ք նրանց, որպէսզի չպղծեն իրենց բանակատեղիները, ուր իջնում բնակւում եմ ես։
4 Այդպէս էլ արեցին իսրայէլացիները. նրանք բանակատեղիից հեռացրին նրանց։ Ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները։
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
6 Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. Այն տղամարդը կամ կինը, որ մարդկային որեւէ մեղք է գործում, խիստ արհամարհած կը լինի Տիրոջը եւ յանցանք գործած կը լինի։
7 Թող նա խոստովանի իր մեղքերը, թող լրիւ հատուցի նրան, ում վնաս է պատճառել եւ վնասի մէկ հինգերորդ մասն էլ աւելացնի հատուցածի վրայ։
8 Եթէ վնաս կրած մարդը մերձաւոր որեւէ մէկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա յանցանքի դիմաց Տիրոջը հատուցուածը թող պատկանի քահանային, բացի քաւութեան նոխազից, որով նա պէտք է քաւի իր մեղքը։
9 Իսրայէլացիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները պիտի պատկանեն քահանային։
10 Տիրոջը մատուցուող ամէն ինչ քահանային պէտք է պատկանի։ Իսրայէլացիների՝ քահանային մատուցած ամէն ինչ նրան թող պատկանի։
11 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
12 Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. Եթէ պատահի, որ ամուսնացած մի կին յանցանք գործի՝ դաւաճանի ամուսնուն,
13 կենակցի մէկի հետ, եւ դա վրիպի ամուսնու աչքից, կինը թաքցնի եղածը, եւ այդ բանի մասին վկայ չլինի, ու կինն էլ յղի չմնայ, միեւնոյնն է, կինը պղծուած է։
14 Նոյնպէս եւ՝ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, եւ նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, ու նա խանդի իր կնոջը, եւ կինը պղծուած լինի, -
15 ապա երկու դէպքում էլ ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մօտ եւ նրա համար մէկ տասներորդ գրիւ գարու ալիւր մատուցի։ Դրա վրայ իւղ չպէտք է ածել, կնդրուկ չպէտք է դնել, որովհետեւ դա խանդի ընծայաբերում է, յիշատակի ընծայաբերում, մեղքը յիշեցնող ընծայաբերում։
16 Քահանան կնոջը պէտք է բերի ու կանգնեցնի Տիրոջ առջեւ։
17 Քահանան խեցէ մի ամանով սուրբ ջուր պիտի առնի եւ վկայութեան խորանի յատակի հողից մի բուռ վերցնելով՝ պիտի լցնի ջրի մէջ։
18 Քահանան կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, հանի կնոջ գլխաշորը, նրա ձեռքը տայ մեղքը յիշեցնող ընծայաբերումը, խանդի ընծայաբերումը։ Քահանայի ձեռքին պիտի լինի նզովքի յանդիմանութեան ջուրը։
19 Քահանան պիտի երդուեցնի կնոջը եւ ասի նրան. Եթէ ուրիշի հետ չես կենակցել, յանցանք չես գործել, չես դաւաճանել ամուսնուդ, ապա անմասն լինես նզովքի այս յանդիմանութեան ջրից։
20 Իսկ եթէ ամուսին ունենալով հանդերձ է անառակութիւն արել, դաւաճանել ամուսնուն,
21 այն ժամանակ քահանան թող երդուեցնի կնոջը այս նզովքի երդմամբ եւ ասի նրան. Տէրը թող քեզ նզովքի ու երդման ենթակայ դարձնի քո ժողովրդի մէջ, հիւծի քո զիստերը եւ ուռեցնի քո որովայնը։
22 Նզովեալ ջուրը թող լցուի քո որովայնը, ուռեցնի քո մէջքը եւ հիւծի քո զիստերը։ Կինը թող պատասխանի. Թող այդպէս լինի, թող այդպէս լինի։
23 Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրուածքը լուայ նզովքի յանդիմանութեան ջրի մէջ,
24 յանդիմանութեան նզովքի այդ ջուրը խմել տայ կնոջը, որպէսզի այդպիսով նրա մէջ լցուի յանդիմանութեան նզովեալ ջուրը։
25 Թող քահանան կնոջ ձեռքից առնի խանդի ընծայաբերումը, դնի Տիրոջ առջեւ եւ մատուցի զոհասեղանի վրայ։
26 Քահանան բռով թող առնի կնոջ մեղքը յիշատակող ընծայաբերումից եւ այն դնի զոհասեղանի վրայ։ Դրանից յետոյ կնոջը թող խմել տայ յանդիմանութեան ջուրը։
27 Եթէ կինն իրօք պղծուած է, եւ նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա յանդիմանութեան նզովեալ ջուրը թող լցուի նրա մէջ, ուռեցնի նրա որովայնը, հիւծի նրա զիստերը, եւ կինը նզովուած լինի իր ժողովրդի մէջ։
28 Իսկ եթէ կինը պղծուած չէ, մաքուր է, ապա թող նա քաւութիւն գտնի եւ կենակցի իր ամուսնու հետ։
29 Այս է խանդի օրէնքը, երբ կինն ամուսնացած լինելով դաւաճանում է ամուսնուն,
30 կամ երբ խանդի զգացում է տիրում տղամարդուն, եւ նա խանդում է իր կնոջը։ Այս դէպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, իսկ քահանան նրա նկատմամբ պէտք է կիրառի վերոյիշեալ օրէնքը։
31 Եթէ կինը յանցաւոր դուրս գայ, այդ դէպքում ամուսինն անմեղ է, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատիժը։