ԹՈՒԵՐ. Chapter 13

1 Դրանից յետոյ ժողովուրդը Ասերոթից ճանապարհ ընկաւ եւ բանակատեղի դրեց Փառանի անապատում։
2 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. Մարդիկ ուղարկի՛ր, որ հետախուզեն Քանանացիների երկիրը։
3 Դա ես իսրայէլացիներին եմ տալու իբրեւ կալուածք։ Ամէն ցեղից, ըստ իրենց նահապետների ընտանիքների, որպէս գլխաւոր, մէկական մարդ ուղարկիր։
4 Մովսէսը, ինչպէս Տէրն էր ասել, այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորը իսրայէլացիների գլխաւորներն էին։
5 Սրանք են նրանց անունները. Ռուբէնի ցեղից՝ Աքուրի որդի Սաղամիէլ,
6 Շմաւոնի ցեղից՝ Սուրիի որդի Սափատ,
7 Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ,
8 Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Գաղամ,
9 Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէս,
10 Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի,
11 Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Յուդիէլ,
12 Յովսէփի ցեղից՝ Մանասէի յետնորդներից՝ Գադդէ, որ որդին է Սուսիի,
13 Դանի ցեղից՝ Գամայի որդի Ամիէլ,
14 Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուր,
15 Նեփթաղիմի ցեղից՝ Յաբիի որդի Աբի,
16 Գադի ցեղից՝ Մակքիի որդի Գուդիէլ։
17 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տէրն ուղարկեց Քանանացիների երկիրը հետախուզելու։ Մովսէսը Նաւէի որդի Օսէսին վերանուանեց Յեսու։
18 Մովսէսը սրանց առաքեց Փառան անապատից, որպէսզի հետախուզեն Քանանացիների երկիրը, եւ ասաց նրանց. Անապատով բարձրացէ՛ք լեռը եւ տեսէ՛ք, թէ դա ինչ երկիր է.
19 այդտեղ բնակուող ժողովուրդը հզօ՞ր է արդեօք, թէ՞ առանց ղեկավարի, սակաւաթի՞ւ են, թէ՞ բազմամարդ,
20 ի՞նչ վիճակում է այն երկիրը, որտեղ նրանք բնակւում են, այն բարեբե՞ր է, թէ՞ անբերրի, ի՞նչ վիճակում են այն քաղաքները, ուր բնակւում են նրանք, պարսպապա՞տ են դրանք, թէ՞ անպարիսպ,
21 ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թէ՞ անպէտք, այնտեղ ծառեր կա՞ն, թէ՞՝ ոչ։ Աշխատեցէ՛ք հաւաքել երկրի պտուղներից։ Գարնան վերջն էր՝ խաղողի հասունանալու ժամանակը։
22 Նրանք գնացին ու հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչեւ Րոոբ՝ Եփրաթի մուտքը։
23 Ապա վերադարձան անապատ եւ եկան մինչեւ Քեբրոն, որտեղ բնակւում էին Աքիմանը, Սեսին եւ Թալամին՝ Ենակի յետնորդները։ Քեբրոնը եօթը տարի առաջ էր կառուցուած, քան եգիպտացիների Տայանիս բնակավայրը։
24 Նրանք եկան մինչեւ Ողկոյզի ձորը, հետախուզեցին այն, այնտեղից կտրեցին խաղողի ողկոյզ ունեցող որթատնկի մի ճիւղ եւ ձողերի վրայ դրած տարան։ Առան նաեւ նուռ ու թուզ։
25 Իսրայէլացիներն այդ վայրն անուանեցին Ողկոյզի ձոր այն ողկոյզի պատճառով, որ այնտեղից կտրել-տարել էին։
26 Իսրայէլացիները, երկիրը քառասուն օր հետախուզելուց յետոյ, վերադարձան։
27 Նրանք եկան-հասան Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացիների ամբողջ ժողովրդի մօտ, Փառան անապատը, Կադէս։ Հետախոյզները տեղեկութիւններ հաղորդեցին նրանց ու ամբողջ ժողովրդին։ Նրանք ցոյց տուեցին երկրի բարիքները, պատմեցին նրանց
28 ու ասացին Մովսէսին. Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Ահա սրանք են նրա բարիքները։
29 Այնտեղ բնակուող ժողովուրդը, սակայն, հզօր է, քաղաքները շատ ամուր են, պարսպապատ ու շատ մեծ։ Ենակի յետնորդներին էլ տեսանք այնտեղ։
30 Ամաղէկացիները բնակւում են երկրի հարաւային մասում, քետացիները, խեւացիները, յեբուսացիները եւ ամորհացիները՝ լեռնային շրջանում, իսկ քանանացիները՝ ծովեզերքին ու Յորդանան գետի ափին։
31 Քաղէբը լռեցրեց Մովսէսից դժգոհող ժողովրդին՝ ասելով. Ո՛չ, առաջ պէտք է շարժուենք ու տիրենք այդ երկրին, որովհետեւ կարո՛ղ ենք նրանց յաղթել։
32 Նրա հետ հետախուզութեան գնացած մարդիկ, սակայն, ասացին. Չենք յարձակուի այդ ժողովրդի վրայ, որովհետեւ նրանք մեզանից շատ աւելի հզօր են։
33 Նրանք իսրայէլացիներին վախեցրին այն երկրով, որ հետախուզել էին, ասելով. Այն երկիրը, ուր գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։
34 Այնտեղ մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են։ Այնտեղ տեսանք նաեւ հսկաներ, որոնց համեմատութեամբ մենք մորեխներ ենք։