ԹՈՒԵՐ. Chapter 25

1 Իսրայէլացիները բանակատեղի դրեցին Սատտիմում եւ պղծուեցին այնտեղ մովաբացիների դուստրերի հետ պոռնկանալով։
2 Մովաբացի կանայք իսրայէլացիներին հրաւիրեցին իրենց կուռքերի պատուին զոհ մատուցելու ծէսին։ Իսրայէլացիները կերան մովաբացիների մատուցած զոհերից ու երկրպագեցին նրանց կուռքերին։
3 Իսրայէլացիները յարեցին Բէլփեգորին, որի համար Տէրը խիստ բարկացաւ իսրայէլացիների վրայ։
4 Տէրն ասաց Մովսէսին. Վերցրո՛ւ քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախի՛ր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայրոյթը վերանայ իսրայէլացիների վրայից։
5 Մովսէսն ասաց իսրայէլացիներին. Ամէն մէկը թող կոտորի Բէլփեգորին յարած իր հարազատին։
6 Մի անգամ մի իսրայէլացի մարդ Մովսէսի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի ներկայութեամբ իր եղբօրը բերեց մի մադիանացի կնոջ մօտ։ Իսրայէլացիները լաց էին լինում վկայութեան խորանի դռանը։
7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից եւ իր ձեռքն առնելով տէգը՝
8 այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը։
9 Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ։
10 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
11 Փենեէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան ես։ Եւ ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի։
12 Եւ հիմա այսպէս կ՚ասես. Ես, ահա, նրա հետ խաղաղութեան ուխտ եմ կնքում։
13 Նրան եւ նրա յետնորդներին յաւիտենական քահանայութիւն եմ խոստանում ի դիմաց այն բանի, որ նա իր Աստծու փոխարէն վրէժխնդիր լինելով՝ քաւեց իսրայէլացիների մեղքերը։
14 Մադիանացի կնոջ հետ սպանուած իսրայէլացի տղամարդու անունը Զամբրի էր։ Նա Սաղոմի որդին էր՝ Շմաւոնի յետնորդներին պատկանող ընտանիքի իշխանը,
15 իսկ սպանուած մադիանացի կնոջ անունը Քազբի էր։ Նա մադիանացի նահապետական ընտանիքից Ամոթի ցեղի Սուր իշխանի դուստրն էր։
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
17 Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. Դարձէ՛ք մադիանացիների թշնամին, հարուածեցէ՛ք նրանց,
18 որովհետեւ նրանք ձեր նենգ թշնամիներն են. նրանք ձեզ դաւեցին Փոգորի պատճառով, նաեւ մադիանացի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ պատճառով, որն սպանուեց Փոգորի համար սկսուած կոտորածների օրը։