ԹՈՒԵՐ. Chapter 16

1 Խօսեցին Ղեւիի որդի Կահաթի, սրա որդի Իսահառի որդի Կորխը, Ռուբէնի որդի Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, Ռուբէնի որդի Փաղէթի որդի Օնանը, եւ իրար հետ պայմանաւորուելով՝
2 ըմբոստացան Մովսէսի դէմ։ Սրանց միացան նաեւ իսրայէլացիներից երկու հարիւր յիսուն տղամարդիկ՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անուանի մարդիկ։
3 Նրանք միացան Մովսէսի ու Ահարոնի դէմ եւ ասացին. Բաւակա՛ն է, հասկացէ՛ք, որ ժողովուրդը մաքուր է, եւ Տէրը նրա մէջ է։ Արդ, ինչո՞ւ էք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում։
4 Այդ լսելով՝ Մովսէսը երեսնիվայր ընկաւ գետին
5 եւ դիմելով Կորխին ու նրա բոլոր մարդկանց՝ ասաց. Աստուած այցի եկաւ, ճանաչեց իւրայիններին եւ մաքուրներին ու նրանց իր մօտ առաւ։
6 Ում որ չընտրեց, իր մօտ չառաւ։ Արդ, այսպէ՛ս արէք. Կո՛րխ, դու եւ քո մարդիկ բուրվառներ առէք, դրանց մէջ կրակ դրէք, կրակի վրայ խունկ,
7 որ վաղը խնկարկէք Տիրոջ առաջ։ Տէրը ում որ ընտրի, նա՛ է սուրբ։ Բաւակա՛ն է ձեզ, Ղեւիի՛ որդիներ։
8 Մովսէսն ասաց Կորխին. Լսեցէ՛ք ինձ, Ղեւիի՛ որդիներ։
9 Մի՞թէ քիչ բան է ձեզ համար, որ Իսրայէլի Աստուածը ձե՛զ առանձնացրեց իր ժողովրդի միջից եւ ձե՛զ մերձեցրեց իրեն, որպէսզի սպասաւորէք Տիրոջ խորանում եւ ժողովրդին ծառայելու համար կանգնէք նրա առջեւ։
10 Չէ՞ որ նա քեզ եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի յետնորդներին իր մօտ վերցրեց։ Հիմա պահանջում էք քահանա՞յ էլ դառնալ։
11 Դրանով դու եւ քո մարդիկ Աստծու դէմ էք ելնում։ Մի՞թէ չգիտէք, թէ ով է Ահարոնը, որ նրա դէմ էք տրտնջում։
12 Եւ Մովսէսը մարդ ուղարկեց, որ կանչեն Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին։ Սրանք ասացին. Չենք գայ։
13 Մի՞թէ քիչ բան է այն, որ մեզ հանեցիր Եգիպտոսից, ուր կաթ ու մեղր էր բխում, որպէսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա մեզ սաստո՞ւմ ես եւ դո՞ւ ես ղեկավարը։
14 Մի՞թէ դու մեզ բերել ես մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, եւ մեզ դաշտեր ու այգիներ ես ժառանգութիւն տուել այնտեղ։ Մեր աչքերն էլ փորես, քեզ մօտ չենք գայ։
15 Մովսէսը խիստ դառնացաւ եւ Տիրոջն ասաց. Մի՛ ընդունիր նրանց զոհաբերութիւնները, որովհետեւ նրանցից ես ոչինչ չեմ առել եւ նրանցից որեւէ մէկի հանդէպ անարդար բան չեմ արել։
16 Եւ Մովսէսն ասաց Կորխին. Մաքրի՛ր քո մարդկանց, եւ առաւօտեան Տիրոջ առաջ պատրաստ եղէք դու եւ Ահարոնը։
17 Իւրաքանչիւրը թող առնի իր բուրվառը եւ դրա մէջ խունկ թող դնի։ Իւրաքանչիւրն իր բուրվառը մատուցի Տիրոջը՝ ընդամէնը երկու հարիւր յիսուն բուրվառ։ Դու եւ Ահարոնը նոյնպէս մատուցեցէ՛ք ձեր բուրվառները։
18 Նրանք կրակ դրեցին դրանց մէջ, կրակի վրայ խունկ լցրին, եւ Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի դռանը։
19 Կորխն իր բոլոր մարդկանց հաւաքեց նրանց դիմաց, վկայութեան խորանի դռան մօտ։ Եւ Տիրոջ փառքը երեւաց ամբողջ ժողովրդին։
20 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
21 Հեռացէ՛ք այդ ժողովրդի մօտից, որ ես միանգամից կոտորեմ սրանց։
22 Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկնելով՝ ասացին. Ո՛վ Աստուած, հոգիների ու բոլոր մարմինների Աստուած, եթէ մի մարդ մեղք է գործում, միթէ ամբողջ ժողովրդի՞ վրայ պիտի թափուի Տիրոջ զայրոյթը։
23 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
24 Խօսի՛ր ժողովրդի հետ եւ ասա՛. Հեռացէ՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի բնակավայրի շրջապատից։
25 Մովսէսը վեր կացաւ եւ գնաց Դաթանի ու Աբիրոնի մօտ։ Նրա հետ գնացին նաեւ իսրայէլացիների բոլոր ծերերը։
26 Մովսէսը դիմեց ժողովրդին եւ ասաց. Հեռացէ՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, նրանց ոչ մի իրին ձեռք չտաք, որպէսզի կորստեան չմատնուէք դրանց գործած մեղքերի պատճառով։
27 Նրանք հեռացան Կորխի վրանի շուրջը գտնուող ժողովրդից, բայց Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք, երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռան մօտ։
28 Մովսէսն ասաց. Սրանով դուք կ՚իմանաք, որ Տէրն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, եւ ոչ թէ ես ինձանից եմ անում դրանք.
29 եթէ Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային սովորական մահով, կամ դրանց պատիժը մարդկային սովորական պատժի նման լինի, ապա Տէրը չէ, որ ուղարկել ինձ։
30 Իսկ եթէ որեւէ նոր նշան ցոյց տայ Տէրը, երկիրն իր երախը բացելով կուլ տայ նրանց, նրանց ընտանիքներին վրաններով ու դրանցում եղած ամէն ինչով, ողջ-ողջ դժոխք իջնեն նրանք, ուրեմն իմացէք, որ այդ մարդիկ զայրացրել են Տիրոջը։
31 Երբ Մովսէսն աւարտեց այս խօսքերը, նրանց ոտքի տակ պատռուեց երկիրը,
32 բացուեց գետինը եւ կուլ տուեց նրանց ու նրանց ընտանիքներին, Կորխին յարած մարդկանց ու նրանց անասուններին։
33 Նրանք եւ նրանց ունեցածները ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, եւ նրանք վերացան ժողովրդի միջից։
34 Նրանց շուրջը գտնուող բոլոր իսրայէլացիները նրանց ճիչը լսելով՝ փախուստի դիմեցին, որովհետեւ հաւատացած էին, թէ գուցէ երկիրն իրենց էլ կուլ տայ։
35 Տիրոջ ուղարկած կրակն իջաւ ու ճարակեց այն երկու հարիւր յիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին։
36 Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային.
37 Վերցրէ՛ք հրոյ ճարակ դարձած մարդկանց պղնձէ բուրվառները, իսկ օտար կրակը սփռեցէ՛ք հեռու,
38 որովհետեւ իրենց հոգիների դէմ մեղք գործողների այդ բուրվառները սրբագործուեցին։ Այդ բուրվառները դրուագածոյ թիթեղների վերածի՛ր եւ դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետեւ դրանք մատուցուած լինելով Տիրոջը, սրբագործուած են։ Դրանք իսրայէլացիների համար ազդանշան պիտի լինեն։
39 Ահարոն քահանայի որդի Եղիազարն առաւ հրոյ ճարակ դարձած մարդկանց մատուցած պղնձէ բուրվառները,
40 դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց, որպէսզի իսրայէլացիներին յիշեցնի, որ Ահարոնից չսերած որեւէ օտար մարդ խունկ դնելու համար չմօտենայ Տիրոջը, որպէսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան յարած ամբոխի հետ։ Այդ էր Տէրը յայտնել Մովսէսի միջոցով։
41 Հետեւեալ օրն իսրայէլացիները տրտնջացին Մովսէսի ու Ահարոնի դէմ՝ ասելով. Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին։
42 Երբ ժողովուրդը խուժեց Մովսէսի ու Ահարոնի վրայ, նրանք դիմեցին դէպի վկայութեան խորան։ Ամպը իսկոյն ծածկեց խորանը, եւ երեւաց Տիրոջ փառքը։
43 Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի առջեւ։
44 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
45 Հեռացէ՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց։ Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետին,
46 եւ Մովսէսն ասաց Ահարոնին. Վերցրո՛ւ բուրվառը, դրա մէջ զոհասեղանի վրայից վերցրած կրակ դի՛ր, դրա վրայ խունկ լցրո՛ւ, շտապ տա՛ր բանակատեղի եւ քաւութիւն խնդրի՛ր նրանց մեղքերի համար, որովհետեւ Տէրը զայրացել է եւ սկսել է կոտորել ժողովրդին։
47 Ահարոնն առաւ բուրվառը, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը, եւ գնաց ժողովրդի մօտ։ Մարդկանց կոտորածն արդէն սկսուել էր։ Ահարոնը խունկ դրեց եւ քաւութիւն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։
48 Նա կանգնեց սպանուած ու կենդանի մարդկանց միջեւ, եւ կոտորածը դադարեց։
49 Կոտորուածների թիւը հասաւ տասնչորս հազար եօթը հարիւր հոգու՝ չհաշուած Կորխի պատճառով մեռածները։
50 Ահարոնը վերադարձաւ Մովսէսի մօտ, վկայութեան խորանի դուռը, եւ կոտորածը դադարեց։