ԹՈՒԵՐ. Chapter 29

1 Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք։ Յիշատակելի օր թող լինի դա ձեզ համար։
2 Տիրոջը իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կ՚անէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։
3 Իւրաքանչիւր զուարակի հետ կը մատուցէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր
4 եւ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր,
5 իսկ մեղքերի քաւութեան համար՝ մէկ նոխազ։
6 Իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը կատարուող ողջակէզից բացի, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք։
7 Այդ եօթներորդ ամսուայ տասներորդ օրը եւս ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի։ Այդ օրը ծոմ կը պահէք եւ ոչ մի աշխատանք չէք կատարի։
8 Տիրոջ համար իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։
9 Իւրաքանչիւր զուարակի հետ կ՚ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր,
10 իսկ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։
11 Մեղքերի քաւութեան համար կը զոհաբերէք մէկ նոխազ։ Բացի մեղքերի քաւութեան զոհերից, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ամենօրեայ ողջակէզը, ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք։
12 Նոյն այդ եօթներորդ ամսուայ տասնհինգերորդ օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի. ոչ մի աշխատանք չկատարէք եւ եօթը օր Տիրոջ տօնը կը տօնէք։
13 Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք հետեւեալ ընծաները կ՚անէք. առաջին օրը՝ նախրից բերուած տասներեք զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
14 Տասներեք զուարակներից իւրաքանչիւրի հետ կ՚ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, երկու խոյերից իւրաքանչիւրի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր,
15 տասնչորս գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։
16 Կը զոհաբերէք նաեւ մէկ նոխազ մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
17 Երկրորդ օրը կը մատուցէք տասներկու զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
18 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։
19 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
20 Երրորդ օրը կը մատուցէք տասնմէկ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
21 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին թող լինեն նրանց քանակին համապատասխան։
22 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
23 Չորրորդ օրը կը մատուցէք տասը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
24 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։
25 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
26 Հինգերորդ օրը կը մատուցէք ինը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
27 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասախան։
28 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
29 Վեցերորդ օրը կը մատուցէք ութ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
30 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։
31 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
32 Եօթներորդ օրը կը մատուցէք եօթը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։
33 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։
34 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
35 Ութերորդ օրը ձեր տօնի վերջին օրը թող լինի։ Ոչ մի աշխատանք չկատարէք այդ օրը։
36 Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։
37 Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։
38 Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։
39 Այս զոհաբերութիւնները կը մատուցէք Տիրոջը ձեր տօների ժամանակ՝ չհաշուած ըստ ուխտի ձեր մատուցածները, ձեր ինքնաբուխ ողջակէզները, ձեր անարիւն ընծաները, գինին եւ փրկութեան համար արած զոհերը։