ԹՈՒԵՐ. Chapter 30

1 Մովսէսն իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ հրամանը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
2 Մովսէսն իսրայէլացիների իշխաններին ասաց.
3 Ահա թէ ինչ է հրամայել Տէրը ուխտ արած մարդուն. Եթէ որեւէ մէկը Տիրոջը ուխտ է անում, երդւում կամ խոստանում է մի բան, որ ինքը երդումով պարտաւորուած լինի անել, ապա նա չպէտք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պէտք է կատարի այն ամէնը, ինչ դուրս է եկել նրա բերանից։
4 Եթէ մի կին իր հօր տանը դեռեւս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել, որեւէ բան խոստացել,
5 եւ եթէ նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը եւ լռելեայն հաւանութիւն տուել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը ուժի մէջ պէտք է մնան եւ կատարուեն։
6 Իսկ եթէ նրա հայրը, լսելով նրա ուխտը, հաւանութիւն չի տուել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումը, ապա անվաւեր թող լինեն դրանք, եւ Տէրը այդ կնոջը թող անպարտ համարի, քանի որ յանձնառու չեղողը նրա հայրն է։
7 Եթէ կինն ամուսնանայ եւ նախքան ամուսնանալը Տիրոջը ուխտ արած կամ խոստում տուած լինի,
8 ու եթէ այդ մասին իմանայ նրա ամուսինը եւ լռելեայն հաւանութիւն տայ այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումը պէտք է մնան ուժի մէջ եւ կատարուեն։
9 Իսկ եթէ նրա ամուսինը հաւանութիւն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվաւեր են, քանի որ յանձնառու չեղողը ամուսինն է։ Տէրը այդ կնոջը անպարտ թող համարի։
10 Այրի կամ բաժանուած կնոջ ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, պէտք է կատարուեն։
11 Իսկ եթէ կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տուել,
12 եւ եթէ նրա ամուսինը լսել է այդ մասին եւ լռելեայն հաւանութիւն տուել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, ուժի մէջ են. դրանք պէտք է կատարուեն։
13 Իսկ եթէ նրա ամուսինը լսած օրը կտրականապէս խափանի կնոջ շուրթերով արուած ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվաւեր են, կարող են չկատարուել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջեւ այդ կինն անպարտ է։
14 Ինքն իրեն նեղութիւն տալու գնով ամուսնացած կնոջ արած ուխտին կամ խոստումին ամուսինը կարող է հաւանութիւն տալ կամ չտալ։
15 Եթէ կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղեակ լինի ամուսինը եւ բազում օրեր լռի, ուրեմն հաստատած եւ ընդունած է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել։
16 Եւ եթէ նրա ամուսինը իր լսած օրից յետոյ առարկի, ուրեմն ինքն է իր վրայ կրում մեղքը։
17 Սրանք են այն պատգամները, որ Տէրը տուեց Մովսէսին ամուսնու եւ նրա կնոջ, հօր եւ նրա դստեր մասին, որը դեռեւս երիտասարդ հասակում իր հօր տանն է գտնւում։