ԹՈՒԵՐ. Chapter 21

1 Արադի քանանացի արքան, որը բնակւում էր անապատում, լսեց, որ իսրայէլացիները գալիս են Աթարինի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ եւ նրանցից գերիներ վերցրեց։
2 Իսրայէլացիները Տիրոջ հետ ուխտ անելով՝ ասացին. Եթէ մեր ձեռքը յանձնես այդ ժողովրդին, մենք նրան ու նրա քաղաքները կը կործանենք։
3 Տէրը լսեց իսրայէլացիներին եւ քանանացիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայէլացիները նրանց ու նրանց քաղաքները կործանեցին եւ այդ վայրը կոչեցին Նզովք։
4 Հոր լեռից շարժուելով դէպի Կարմիր ծովը տանող ճանապարհով, նրանք շրջանցեցին Եդոմը։ Ժողովուրդը յուսահատուեց ճանապարհին
5 եւ սկսեց գանգատուել Աստծուց ու Մովսէսից։ Նրանք ասացին. Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կայ եւ ո՛չ ջուր։ Մենք զզուել ենք այս խղճուկ սննդից։
6 Տէրը կոտորող օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց. իսրայէլացիներից շատերը մեռան։
7 Իսրայէլացիները գալով Մովսէսի մօտ՝ ասացին. Մեղք ենք գործել, որովհետեւ չարախօսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղօթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը։ Մովսէսն աղօթեց Տիրոջը ժողովրդի համար։
8 Տէրն ասաց Մովսէսին. Դու մի պղնձէ օձ պատրաստի՛ր եւ այն դի՛ր ձողի վրայ։ Երբ օձը մարդ խայթի, եւ օձից խայթուողը նայի քո սարքած օձին, կը փրկուի։
9 Մովսէսը պղնձէ օձ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրայ։ Օձից խայթուողը, նայելով պղնձէ օձին, կենդանի էր մնում։
10 Իսրայէլացիները ճանապարհ ընկան ու բանակատեղի դրեցին Օբոթում։
11 Օբոթից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Աքեղգայում՝ անապատի այն կողմում, որը Մովաբի դիմաց է գտնւում, նրանից արեւելք։
12 Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Զարեդ ձորում։
13 Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Առնոնից այն կողմ, անապատում, ամորհացիների սահմանների ելքի մօտ. Առնոնը գտնւում է մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջեւ։
14 Դրա համար էլ գրքում գրուած է. Տիրոջ պատերազմը կրակի մատնեց Զովոբն ու Առնոնի ձորը։
15 Նա ձորում բնակուողներին տարաւ բնակեցնելու Էրում, որը սահմանակից էր Մովաբին։
16 Դրանից այն կողմ Ջրհորն էր։ Դա այն ջրհորն է, որի մասին Տէրն ասաց Մովսէսին. Հաւաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ։
17 Այն ժամանակ իսրայէլացիները ջրհորի մօտ այս երգը երգեցին.
18 Փառաբանեցէ՜ք այն ջրհորը, որ փորեցին իշխանները,այն խորացրին յղկեցին ազգերի թագաւորներըիրենց թագաւորութեան եւ տիրապետութեան ժամանակ։Իսրայէլացիներն այդ ջրհորի մօտից գնացին դէպի Մանթանին,
19 Մանթանինից՝ Մանայէլ, Մանայէլից՝ Բամոթ,
20 Բամոթից՝ Անայէն, որը գտնւում է Մովաբացիների դաշտում՝ Կոփածոյ կոչուած լերան գագաթի մօտ, որ նայում է դէպի անապատ։
21 Մովսէսն ամորհացիների արքայի մօտ պատգամաւորներ ուղարկեց խաղաղութեան խօսքերով։ Նա ասաց. Թո՛յլ տուր անցնենք քո երկրով։
22 Ճանապարհով կը գնանք, չենք շեղուի ո՛չ դաշտերի, ո՛չ էլ այգիների մէջ եւ ո՛չ իսկ քո ջրհորներից ջուր կը խմենք։ Արքունի ճանապարհով կը գնանք, մինչեւ որ անցնենք քո սահմաններից։
23 Սեհոնն իսրայէլացիներին թոյլ չտուեց անցնել իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին ու իսրայէլացիների դէմ պատերազմելու ելաւ անապատում։ Նա եկաւ Սիասար եւ պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ։
24 Իսրայէլացիները նրանց կոտորեցին եւ տիրեցին նրա երկրին Առնոնից մինչեւ Յաբոկ, մինչեւ Ամմոնացիների երկիրը, որովհետեւ Յազերը ամոնացիների սահմանն էր։
25 Իսրայէլացիները գրաւեցին այդ շրջանի բոլոր քաղաքները եւ բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա ամբողջ շրջակայքում,
26 որովհետեւ Եսեբոնը ամորհացիների արքայ Սեհոնի քաղաքն էր։ Նա անցեալում պատերազմ էր մղել մովաբացիների արքայի դէմ ու գրաւել նրա ամբողջ երկիրը Արոյերից մինչեւ Առնոն։
27 Դրա համար բոլոր վիպերգակներն ասում են. Եկէ՛ք Եսեբոն, որ կառուցուի ու բարեկարգուի Սեհոնի քաղաքը,
28 քանզի հուր ելաւ Եսեբոնից, եւ բոց՝ Սեհոնի քաղաքից, այրեց մինչեւ Մովաբ եւ լափեց Առնոնի արձանները։
29 Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ։ Նրանց այրերը փախուստի մատնուեցին, նրանց դուստրերը գերի ընկանամորհացիների թագաւորի ձեռքը։
30 Նրանց սերունդները թող կոտորուեն Եսեբոնից մինչեւ Դեբոն, եւ նրանց կանայք կրակով բորբոքուեցինՄովաբի վրայ։
31 Իսրայէլացիները բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում։
32 Մովսէսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Յազերը։ Իսրայէլացիները գրաւեցին այն ու նրա աւանները եւ դուրս քշեցին այնտեղ բնակուող ամորհացիներին։
33 Այնտեղից իսրայէլացիները դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եդրինայում նրանց դէմ պատերազմի ելաւ Բասանի թագաւոր Օգը իր ամբողջ ժողովրդով։
34 Տէրն ասաց Մովսէսին. Մի՛ վախեցիր նրանից, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։ Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնի հետ։
35 Եւ իսրայէլացիները հարուածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, մինչեւ որ նրանցից ոչ մի մարդ կենդանի չմնաց, եւ իրենք սեփականացրին նրանց երկիրը։