ԹՈՒԵՐ. Chapter 9

1 Տէրը Սինայի անապատում, Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Ասա՛, որ իսրայէլացիները զատիկը թող կատարեն իր ժամանակին։
3 Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան թող կատարեն այն. իր ժամանակին, ըստ օրէնքի, ըստ ձեզ տուած իմ պայմանի թող կատարեն։
4 Մովսէսն այդ յայտնեց իսրայէլացիներին եւ նրանք զատիկը կատարեցին
5 ամսուայ տասնչորսերորդ օրուայ սկզբին, Սինայի անապատում։ Ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները։
6 Սակայն այնտեղ եկան այնպիսիներ, որոնք մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուած էին եւ իրաւունք չունէին զատիկ կատարելու այդ օրը։
7 Այդ իսկ պատճառով նրանք այդ օրը եկան Մովսէսի ու Ահարոնի մօտ եւ ասացին նրանց. Մենք մարդու դիակի հետ շփուելու պատճառով անմաքուր ենք։ Արդ, իսրայէլացիների մէջ իր ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց յետ չմնանք։
8 Մովսէսը նրանց ասաց. Այդտեղ սպասեցէք, տեսնեմ, թէ Տէրը ի՞նչ հրաման կը տայ ձեր վերաբերեալ։
9 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
10 Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. Եթէ ձեզանից մէկը մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուելու է եւ կամ ձեր սերնդից մէկը զատկի օրը հեռաւոր ճանապարհի վրայ գտնուելու պատճառով անմաքուր է,
11 նա Տիրոջ զատիկը թող կատարի երկրորդ ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյեան՝ զատկուայ գառն ուտելով բաղարջ հացով ու դառը խոտով։
12 Գառից յաջորդ առաւօտեան ոչինչ չպէտք է մնայ, դրա ոսկորները չպէտք է ջարդեն։ Ըստ զատկի օրէնքի թող կատարեն այն։
13 Բայց այն մարդը, որ մաքուր է ու հեռու ճանապարհի վրայ չի գտնւում եւ ուշանում է զատիկը կատարելուց, թող վերանայ իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհաբերութիւնը իր ժամանակին չի կատարել։ Այդ մարդը թող կրի իր պատիժը։
14 Եթէ ձեր երկիրը գայ որեւէ օտարական եւ ցանկանայ կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի ըստ զատկի օրէնքի։ Ըստ այդ պայմանի թող կատարի այն։ Նոյն օրէնքն է ձեզ համար՝ եկուոր լինէք թէ բնիկ։
15 Այն օրը, երբ կանգնեցուեց խորանը, ամպը ծածկեց խորանը՝ վկայութեան տունը։ Երեկոյից մինչեւ առաւօտ ամպը խորանի վրայ կրակի տեսք ունէր։
16 Այդպէս լինում էր մշտապէս. ամպն այն ծածկում էր ցերեկը, իսկ գիշերը կրակի տեսք էր ունենում։
17 Երբ ամպը վերանում էր խորանից, իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում եւ բանակատեղի դնում ամպի կանգ առած տեղում։
18 Իսրայէլացիները բանակատեղի էին դնում ըստ Տիրոջ հրամանի եւ ըստ Տիրոջ հրամանի էլ ճանապարհ էին ընկնում։
19 Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է բանակատեղի դնէին, իսկ եթէ ամպը բազում օրեր էր մնում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է պահէին Տիրոջ պատուէրը եւ ճանապարհ չընկնէին։
20 Եթէ պատահէր, որ ամպը խորանի վրայ հովանի անէր քիչ օրեր, նրանք բանակատեղի պէտք է դնէին։ Նրանք Տիրոջ հրամանով միայն պէտք է ճանապարհ ընկնէին։
21 Եթէ պատահէր, որ ամպը ծածկէր խորանը երեկոյից մինչեւ առաւօտ, կամ ամպը վերանար առաւօտեան, ապա ճանապարհ պէտք է ընկնէին կա՛մ ցերեկը, կա՛մ գիշերը։ Քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չպէտք է ճանապարհ ընկնէին։
22 Եթէ անգամ մէկ ամիս մնար ամպն ու հովանի անէր խորանի վրայ, իսրայէլացիները բանակատեղի պէտք է դնէին ու ճանապարհ չընկնէին։
23 Նրանք միայն Տիրոջ հրամանով պէտք է ճանապարհ ընկնէին։ Իսրայէլացիները պահպանեցին Տիրոջ այս հրամանը, որ նա Մովսէսի միջոցով տուել էր իրենց։