ԹՈՒԵՐ. Chapter 8

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Խօսի՛ր Ահարոնի հետ եւ ասա՛ նրան. Երբ կանթեղները տեղադրես, այնպէս արա, որ դրանք լուսաւորեն աշտանակն առջեւի կողմից։
3 Ահարոնն այդպէս էլ արեց. նա աշտանակի առջեւի կողմից վառեց կանթեղները, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
4 Այսպիսին էր աշտանակի կառուցուածքը. նրա բունն ու շուշանաձեւ ծաղիկները համակ ձոյլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստուած էր ըստ այն օրինակի, որ Տէրն էր ցոյց տուել Մովսէսին։
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. Ղեւտացիներին առանձնացրո՛ւ իսրայէլացիների միջից եւ սրբագործի՛ր նրանց։
6 Այսպէս կը կատարես նրանց սրբագործումը.
7 նրանց վրայ սրբագործման ջուր կը ցանես։ Նրանք թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լուան իրենց զգեստները եւ մաքուր լինեն։
8 Նրանք նախրից թող վերցնեն մէկ զուարակ, իւղով հունցուած ընտիր ալիւր՝ իբրեւ նուիրաբերում։ Նախրից կը վերցնես մեղքերի քաւութեան համար մէկ տարեկան հորթ,
9 ղեւտացիներին կը տանես վկայութեան խորանի առջեւ, կը հաւաքես իսրայէլացի ամբողջ ժողովրդին,
10 ղեւտացիներին կը բերես Տիրոջ առջեւ, եւ իսրայէլացիներն իրենց ձեռքերը կը դնեն ղեւտացիների վրայ։
11 Ահարոնը իսրայէլացիներից կ՚առանձնացնի ղեւտացիներին՝ Տիրոջը նուիրաբերելու համար նրանց, եւ նրանք կը ստանձնեն Տիրոջ սպասաւորութեան գործը։
12 Ղեւտացիներն իրենց ձեռքերը կը դնեն զուարակների գլխին։ Դրանցից մէկը կը զոհես մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը Տիրոջը ողջակէզ կ՚անես, որպէսզի քաւուեն նրանց մեղքերը։
13 Ղեւտացիներին կը կանգնեցնես Տիրոջ, Ահարոնի ու նրա որդիների առջեւ եւ կը նուիրաբերես Տիրոջը իբրեւ ընծայ։
14 Ղեւտացիներին կ՚առանձնացնես իսրայէլացիների միջից, եւ նրանք կը պատկանեն ինձ։
15 Այնուհետեւ ղեւտացիները կը մտնեն վկայութեան խորան, որպէսզի կատարեն խորանի սպասաւորութեան գործը։ Կը սրբես նրանց եւ, իբրեւ ընծայ, կը նուիրաբերես Տիրոջ առաջ,
16 որովհետեւ նրանք ինձ ընծայ են տրւում իսրայէլացիների միջից։ Ես նրանց ընդունել եմ ի դիմաց իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդների, որոնք արգանդ են բացում,
17 քանի որ իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդները, մարդ թէ անասուն, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, ես ինձ համար սրբագործեցի նրանց
18 եւ ղեւտացիներին վերցրի ի դիմաց իսրայէլացիների բոլոր անդրանիկների։
19 Իսրայէլացիներից ես առանձնացրի ղեւտացիներին եւ նրանց տուեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի վկայութեան խորանում կատարեն իսրայէլացիների սպասաւորութեան գործը եւ սրբութիւններին մերձենալով՝ իսրայէլացիների մեղքերի քաւութեան համար զոհեր մատուցեն։
20 Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի ամբողջ ժողովուրդը ղեւտացիների հանդէպ վարուեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ Իսրայէլացիներն այդպէս էլ վարուեցին նրանց հանդէպ։
21 Ղեւտացիները մաքրուեցին, լուացին իրենց զգեստները եւ իրենք իրենց յանձնեցին Ահարոնին իբրեւ նուիրաբերում Տիրոջ առաջ։ Եւ Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քաւութիւնը՝ սրբագործելու համար նրանց։
22 Այնուհետեւ ղեւտացիները մտան վկայութեան խորան, որպէսզի իրենց սպասաւորութիւնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջեւ։ Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին ղեւտացիների վերաբերեալ, այդպէս էլ արեցին նրանց։
23 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
24 Այս է ղեւտացիներին վերաբերող կարգը. քսանհինգից բարձր տարիք ունեցողները միայն իրաւունք ունեն վկայութեան խորան մտնելու, որպէսզի սպասաւորութիւն կատարեն։
25 Յիսուն տարին լրանալուց յետոյ նրանք պարտաւոր են հեռանալ սպասաւորութիւնից եւ այլեւս չեն աշխատելու։
26 Նրանք կարող են օգնել իրենց ղեւտացի եղբայրներին՝ կատարելու վկայութեան խորանի պահպանութեան գործը, բայց սպասաւորութիւն անելու իրաւունք չունեն։ Այսպէս կը կարգաւորես ղեւտացիների սպասաւորութեան գործը։