ԹՈՒԵՐ. Chapter 27

1 Մովսէսի մօտ եկան Յովսէփի որդի Մանասէից սերուած Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։
2 Նրանք կանգնելով Մովսէսի, Եղիազար քահանայի, իշխանների եւ ողջ ժողովրդի առաջ, վկայութեան խորանի դռանը, ասացին.
3 Մեր հայրը մեռաւ այնտեղ՝ անապատում։ Նա Կորխի՝ Տիրոջ դէմ ընդվզած ամբոխի մէջ չէր։ Նա մեռաւ իր այլ մեղքի համար՝ առանց որդիներ ունենալու։
4 Արդ, թէեւ նա որդի չունեցաւ, բայց մեր հօր անունը թող չջնջուի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցաւ։ Մեզ բաժին տուէ՛ք մեր հօր եղբայրներին հաւասար։
5 Մովսէսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ։
6 Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.
7 Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը։ Նրանց նոյնպէս բաժին տո՛ւր իրենց հօր եղբայրներին հաւասար. իրենց հօր հասանելիք բաժինը կը յատկացնես նրանց։
8 Իսրայէլացիներին բացատրելով՝ կ՚ասես. Եթէ մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգութիւնը պէտք է անցնի իր դստերը։
9 Եթէ նա դուստր չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր եղբօրը։
10 Եթէ նա եղբայր էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր հօրեղբօրը։
11 Եւ եթէ հօրեղբայրներ էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք նրա մերձաւոր ազգականին։ Նրա ունեցածը իր ցեղից որեւէ մէկը թող ժառանգի։ Դա իսրայէլացիների համար դատաստանական օրէնք թող լինի, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին։
12 Տէրն ասաց Մովսէսին. Բարձրացի՛ր այն կողմում գտնուող Նաբաւ լեռը եւ դիտի՛ր Քանանացիների երկիրը, որը ես իսրայէլացիներին եմ տալու որպէս կալուածք։
13 Կը տեսնես այն, որից յետոյ դու եւս մեռնելով՝ կը միանաս քո նախնիներին, ինչպէս քո եղբայր Ահարոնը մեռաւ Հոր լերան վրայ,
14 որովհետեւ ոտնակոխ արեցիք իմ պատգամները Սին անապատում, երբ ժողովուրդը չցանկացաւ ինձ սրբացնել. նրա ներկայութեամբ դուք ինձ չսրբացրիք, եւ մարդիկ ջրի պակասութիւն զգացին (Խօսքը վերաբերում էր Սին անապատի Հակաճառութեան ջրին)։
15 Մովսէսն ասաց Տիրոջը.
16 Հոգիների ու բոլոր էակների ո՜վ Տէր Աստուած, այս ժողովրդի վրայ մի մարդ նշանակի՛ր,
17 որ կարողանայ առաջնորդել նրան, որ հանի եւ տանի նրան այստեղից, որպէսզի Տիրոջ այս ժողովուրդը չնմանուի այն ոչխարներին, որոնք հովիւ չունեն։
18 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. Վերցրո՛ւ Նաւէի որդի Յեսուին, որի մէջ Հոգի կայ, եւ ձեռքդ դի՛ր նրա վրայ։
19 Նրան կը կանգնեցնես Եղիազար քահանայի առջեւ եւ ամբողջ ժողովրդի ներկայութեամբ պատուէր կը տաս նրան։ Այո՛, պատուէր կը տաս նրան նրանց առաջ։
20 Քո իշխանութիւնից որոշ բաժին կը տաս նրան, որպէսզի իսրայէլացիները հնազանդուեն նրան։
21 Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, եւ թող նրան հարցեր տան Տիրոջ իրաւունքների մասին։ Եղիազարի խօսքով պիտի շարժուեն, գործեն բոլորը՝ Յեսուն եւ իսրայէլացի ամբողջ ժողովուրդը միաբան։
22 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը պատուիրել էր իրեն։ Յեսուին վերցնելով՝ Մովսէսը նրան բերեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ամբողջ ժողովրդի առջեւ։
23 Նա իր ձեռքերը դրեց նրա վրայ եւ առաջնորդ կարգեց նրան, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։