ԹՈՒԵՐ. Chapter 19

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2 Սա է այն ծիսակարգը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին՝ ասելով. Իսրայէլացիներին ասա՛, որ քեզ մօտ բերեն ոչ արատաւոր մի կարմիր երինջ, որ բծաւոր ու լծի տակ մտած չլինի։
3 Այն կը յանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ եւ մորթեն նրա առջեւ։
4 Եղիազարը թող առնի նրա արիւնից եւ եօթն անգամ ցանի վկայութեան խորանի դիմաց։
5 Երինջը թող այրեն նրա առջեւ. դրա մորթը, միսն ու արիւնը թող այրեն իր աղտեղիքի հետ։
6 Քահանան թող վերցնի մի եղեւնու փայտ, զոպայ ու կարմիր թել եւ նետի այրուող երինջի վրայ։
7 Քահանան իր հագուստներն ու մարմինը լուանալուց յետոյ թող մտնի բանակատեղի։ Քահանան, սակայն, մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։
8 Երինջն այրողը ջրով թող լուանայ իր հագուստներն ու մարմինը եւ անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։
9 Մի մաքուր մարդ թող հաւաքի այրուած երինջի մոխիրը եւ կուտակի բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ։ Իսրայէլացի ժողովրդի համար դա պիտի պահուի որպէս մեղքերի մաքրման ջուր, քանի որ դա սրբութիւն է։
10 Երինջի մոխիրը հաւաքողը թող լուանայ իր մարմինն ու հագուստները եւ անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Դա իսրայէլացի ժողովրդի ու նրա մօտ ապրող օտարականների համար յաւիտենական օրէնք թող լինի։
11 Ով որ դիպչի մեռած մարդու դիակին, եօթն օր թող անմաքուր համարուի։
12 Նա պէտք է մաքրուի երրորդ ու եօթներորդ օրերը, որից յետոյ մաքուր կը համարուի։ Իսկ եթէ երրորդ ու եօթներորդ օրերը չմաքրուի, մաքուր չի համարուի։
13 Ով որ դիպչի մեռած կամ մեռնելու վրայ եղող մարդու դիակի ու չմաքրուի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը։ Այդ մարդը թող վերանայ իսրայէլացիների միջից։ Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանուեց նրա վրայ, նա անմաքուր է, որովհետեւ նրա անմաքրութիւնը մնում է նրա մէջ։
14 Տան մէջ մեռնող մարդու մասին ծիսակարգը հետեւեալն է. ով որ մտնի այդ տունը, եւ ինչ որ կայ այդ տան մէջ, թող անմաքուր համարուի եօթը օր։
15 Բաց, կափարիչով չծածկուած կամ բերանը չկապած որեւէ աման անմաքուր թող համարուի։
16 Ով որ դաշտում բնական կամ բռնի մահով մեռած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի դիպչի, եօթն օր թող պիղծ համարուի։
17 Անմաքուր համարուածի համար թող առնեն մեղքերի մաքրման համար այրուած երինջի մոխրից, դնեն մի ամանի մէջ եւ վրան ջուր աւելացնեն։
18 Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան եւ այն սուրբ ջրի մէջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնուող մարդկանց վրայ, ինչպէս նաեւ մարդու ոսկորին, բնական կամ բռնի մահով մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տուած մարդու վրայ։
19 Մի մաքուր մարդ երրորդ ու եօթներորդ օրերը այդ անմաքուր մարդու վրայ ջուր թող ցանի, եւ նա եօթներորդ օրը մաքուր թող համարուի։ Նա ջրով թող լուանայ իր հագուստներն ու մարմինը եւ մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։
20 Այն մարդը, որ անմաքուր է, բայց չի ցանկանայ մաքրուել, թող վերանայ իր ժողովրդի միջից, որովհետեւ նա Տիրոջ սրբարանն է պղծել, մեղքերի մաքրման ջրով չի լուացուել եւ անմաքուր է։
21 Դա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի։ Մեղքերի մաքրման լուացում կատարողը պէտք է լուանայ իր հագուստները։ Ով որ դիպչում է մեղքերի մաքրման այդ ջրին, նա մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։
22 Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչեւ երեկոյ թող դա անմաքուր համարուի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։