ԹՈՒԵՐ. Chapter 12

1 Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսէսին, քանի որ նա կնութեան էր առել մի եթովպուհու։ Մովսէսն, իրօք, եթովպացի կնոջ հետ էր ամուսնացել։
2 Նրանք ասացին. Միթէ Տէրը միայն Մովսէ՞սի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց։ Տէրը լսեց դա։
3 Մովսէսը, սակայն, շատ աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ։
4 Տէրը միաժամանակ ասաց Մովսէսին, Ահարոնին ու Մարիամին. Դուք երեքդ էլ վկայութեան խորան գնացէք։ Նրանք երեքով գնացին վկայութեան խորան։
5 Տէրն իջաւ սիւնակերպ ամպի մէջ եւ կանգնեց վկայութեան խորանի դռան մօտ։Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, եւ նրանք երկուսով դուրս եկան։
6 Տէրն ասաց նրանց. Լսեցէ՛ք իմ խօսքերը. եթէ ձեզանից որեւէ մէկը Տիրոջ մարգարէ դառնայ, ես տեսիլքով կ՚երեւամ նրան եւ երազի մէջ կը խօսեմ նրա հետ։
7 Ո՛չ այնպէս, ինչպէս իմ ծառայ Մովսէսի հետ, որը իմ ամբողջ տան մէջ իմ հաւատարիմ մարդն է։
8 Ես նրա հետ դէմ առ դէմ, բացէիբաց եմ խօսելու եւ ոչ թէ առակներով։ Նա ականատես է եղել Տիրոջ փառքին։ Եւ ինչպէ՞ս դուք առանց երկիւղի վատաբանեցիք իմ ծառային՝ Մովսէսին։
9 Տէրը խիստ բարկացաւ նրանց վրայ։ Նրանք գնացին եւ
10 ամպը վերացաւ խորանի վրայից, իսկ Մարիամը բորոտ դարձաւ ձեան նման։ Ահարոնը նայեց Մարիամին եւ տեսաւ, որ նա բորոտ է դարձել։
11 Ահարոնն ասաց Մովսէսին. Խնդրում եմ քեզ, տէ՛ր, մեզ վրայ մեղքեր մի՛ բարդիր, որովհետեւ չիմացանք, որ մեղք գործեցինք։
12 Մարիամը թող չնմանուի այն մեռելածին երեխային, որը, որպէս վիժուածք, ելնում է մօր արգանդից, բայց կիսատ մարմնով։
13 Մովսէսը, աղերսելով Տիրոջը, ասաց. Խնդրում եմ քեզ, Աստուա՛ծ, բուժի՛ր նրան։
14 Տէրն ասաց Մովսէսին. Եթէ Մարիամի հայրը թքէր նրա երեսին, մի՞թէ նա եօթը օր չէր ամաչելու։ Ուրեմն եօթը օր նա թող հեռանայ բանակատեղիից եւ յետոյ վերադառնայ։
15 Մարիամը եօթը օր հեռու պահուեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկաւ, մինչեւ որ մաքրուեց Մարիամը։