ԵՍԱՅԻ. Chapter 34

1 Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ։
2 Տիրոջ զայրոյթը բոլոր ազգերին է ուղղուած, բարկութիւնը նրանց բոլոր բազմութիւնների դէմ է, որպէսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանութեան.
3 իսկ նրանց վիրաւորները պիտի ընկնեն դիտապաստ, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջուեն նրանց արեամբ։
4 Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն ինչպէս որթատունկի տերեւ կամ ինչպէս թզենուց վայր ընկնող տերեւ։
5 Սուրն իմ, որ հարբել է երկնքում, այժմ իջնելու է եդոմայեցիների վրայ եւ կորստեան դատապարտուած ժողովրդի վրայ՝ դատաստանի համար։
6 Տիրոջ սուրը յագեցել է արեամբ, ուռել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորայում՝ զոհաբերութիւն, իսկ եդոմայեցիների երկրում մեծ սպանդ է լինելու։
7 Նրանց հետ պիտի ճզմուեն մեծամեծները, նաեւ խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արեամբ, եւ հողը նրանց ճարպով պիտի լցուի։
8 Արդարեւ, Տիրոջ դատաստանի օրն է, Սիոնի դատաստանի հատուցման տարին.
9 եւ նրա ձորերը ձիւթ պիտի դառնան, իսկ նրա հողը՝ ծծումբ.
10 նրա հողը, ինչպէս ձիւթ, զօր ու գիշեր պիտի վառուի եւ յաւիտենապէս չի հանգչելու։ Նրա ծուխը վեր պիտի բարձրանայ, եւ նա սերնդից սերունդ պիտի աւերուի, շատ ու շատ ժամանակներ պիտի աւերուի, եւ չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով։
11 Այնտեղ բնակութիւն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռաւները, նրա մէջ պիտի ջնջուեն ու աւերակ դառնան չափուած սահմանները, յուշկապարիկները պիտի բնակուեն այնտեղ։
12 Նրա իշխանները պիտի դադարեն գոյութիւն ունենալուց, նրա թագաւորներն ու մեծամեծները պիտի կործանուեն։
13 Նրա քաղաքներում եւ ամրոցներում փշաբեր ծառ պիտի բուսնի։ Համբարուների բնակատեղի եւ ջայլամների հանգրուան պիտի դառնայ նա,
14 ուր դեւերն ու յուշկապարիկներն են հանդիպելու եւ միմեանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրուանեն յուշկապարիկները, որովհետեւ իրենց համար հանգիստ են գտնելու։
15 Այնտեղ ոզնին ձագեր պիտի հանի, եւ երկիրը զգուշութեամբ սնուցելու է նրա ձագերին։ Այնտեղ միմեանց են հանդիպելու եղջերուները եւ իրար երես են տեսնելու.
16 նրանք թուով պիտի բազմապատկուեն, նրանցից մէկն անգամ չի նուազելու, ընկերն ընկերոջ պակաս չի զգալու,քանզի Տէրն է այդպէս հրամայել նրանց, Նրա Հոգին է նրանց հաւաքել։
17 Նա է նրանց այդ վիճակին արժանացրել, նրա ձեռքն է նրանց կեր բաժանել՝ յաւիտեանս յաւիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ եւ հանգրուան գտնեն այնտեղ։