ԵՍԱՅԻ. Chapter 23

1 Պատգամ Տիւրոսի մասինՈղբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կարքեդոնացիները կործանուեցին եւ այլեւս չեն վերադառնայ Կիտացիների երկրից, ուր գերութեան քշուեցին։
2 Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները.նման են փիւնիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով.
3 վաճառականների սերունդ են. ինչպէս ամռանը հունձն է հաւաքւում, այդպէս են այդ վաճառականները ազգերի համար։
4 Ամաչի՛ր, Սիդո՛ն, -ասում է ծովը։ Ծովի զօրութիւնն էլ ասում է. Միթէ ես երկունքի ցաւով չե՞մ բռնուել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կոյսեր չե՞մ մեծացրել։
5 Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրան Տիւրոսի համար։
6 Գնացէ՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն էք, ողբացէ՛ք։
7 Արդեօք սկզբից իսկ ձեր այդ ամբարտաւանութիւնը չէ՞ր, որ նրա մատնութեան պատճառ դարձաւ. նա իր իսկ ոտքերով հեռաւոր պանդխտութեան պիտի քշուի։
8 Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տիւրոսի մասին. միթէ նա յետին մէ՞կն էր կամ տկար մի ոք։ Նա, նրա վաճառականները քանանացիների պատուաւոր մարդիկ էին, նրա առեւտրականները երկրի իշխաններն էին։
9 Զօրութիւնների Տէրը մտածեց վերջ տալ ականաւոր մարդկանց ողջ ամբարտաւանութեանը եւ երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատուաւորներին։
10 Քո հո՛ղը մշակիր, որովհետեւ այսուհետեւ նաւերը չեն գալու Կարքեդոնից,
11 քո ձեռքի զօրութիւնը այլեւս չի երեւալու ծովի վրայ, դու, որ սարսեցնում էիր թագաւորներին։ Զօրութիւնների Տէրը Քանանի համար հրամայեց՝ կործանե՛լ նրա հզօրութիւնը։
12 Պիտի ասեն, թէ՝ Էլ չշարունակենք թշնամանքը եւ չզրկենք Սիոնի կոյս դստերը։Ոտքի՛ կանգնիր եւ ծովո՛վ անցիր։ Սակայն թէկուզեւ դիմես դէպի Կիտիիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։
13 Եւ եթէ քաղդէացիների երկիրը գնաս, որը, սակայն, նոյնպէս աւերուած է ասորեստանցիներից, այնտեղ եւս քեզ համար դուլ ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալուեց ու կործանուեց։
14 Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կործանուեց ձեր ամրութիւնը։
15 Եւ պիտի գայ մի օր, երբ Տիւրոսը եօթանասուն տարի լքուած պիտի լինի, այնքան, որքան մի թագաւորի իշխանութեան ժամանակն է լինում, որքան մի մարդու կեանքի ժամանակը։ Ու եօթանասուն տարի յետոյ Տիւրոսը պիտի դառնայ այնպիսին, ինչպէս ասւում է պոռնիկի երգում.
16 Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, ո՛վ դու պոռնկութեան լքուա՛ծ քաղաք, լա՛ւ նուագիր, նորից ու նորից երգիր, որ քո յիշատակը մնայ։
17 Ու եօթանասուն տարի յետոյ Տէրը պիտի այցելի Տիւրոսին, որը նորից նոյն կարգով պիտի վերահաստատուի, ինչպէս առաջ էր, եւ այնտեղ պիտի կատարուի աշխարհի երեսին գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորների առեւտուրը։
18 Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նուիրաբերուի. ոչ թէ առանձին մարդկանց համար պիտի հաւաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջեւ բնակուողներին, որպէսզի ուտեն, խմեն եւ, ի նշան Տիրոջ հանդէպ իրենց երախտագիտութեան, ուրախ լինեն։