ԵՍԱՅԻ. Chapter 11

1 Յեսսէի արմատից գաւազան պիտի ընձիւղուի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։
2 Նրա վրայ պիտի իջնի Աստծու հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի ու զօրութեան հոգին, գիտութեան եւ աստուածպաշտութեան հոգին.
3 Աստծու երկիւղի հոգին պիտի լցնի այն։ Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի։
4 Նա տնանկի իրաւունքը պիտի պաշտպանի եւ արդարութեամբ պիտի դատի երկրի տառապեալներին. իր բերանի խօսքով հարուածի երկրին եւ իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
5 Արդարութեամբ պիտի գօտեւորի իր մէջքը եւ ճշմարտութեամբ կապի իր կողերը։
6 Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց։
7 Եզն ու արջը միասին պիտի ուտեն, նրանց ձագերը խառը պիտի շրջեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի։
8 Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բունը եւ իժերի ձագերի բունը,
9 ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լերան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ գիտութեամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։
10 Այն օրը հեթանոսներն իրենց յոյսը դնելու են Յեսսէի արմատի վրայ, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, եւ նրա հանգիստը փառահեղ է լինելու։
11 Այն օրը Տէրը նորից պիտի ցոյց տայ իր ձեռքը՝ նախանձելի դարձնելու համար իր ժողովրդի մնացորդներին, որոնք պահպանուած են լինելու Ասորեստանում եւ Եգիպտոսում, Բաբելոնում եւ Եթովպիայում, Էլամում եւ Արեւելքում, Արաբիայում եւ ծովի կղզիներում։
12 Հեթանոսներին դրօշ պիտի պարզի եւ հաւաքի Իսրայէլի կորուսեալներին, Յուդայի տնից ցրուածներին պիտի հաւաքի աշխարհի չորս անկիւններից։
13 Եփրեմի նախանձը պիտի վերանայ, եւ Յուդայի թշնամիները կորստեան պիտի մատնուեն. Եփրեմը չպիտի նախանձի Յուդային, եւ Յուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։
14 Այլազգիների նաւերը պիտի չուեն, միանգամից աւարի պիտի ենթարկեն ծովակողմը, թէ՛ արեւելցիներին եւ թէ՛ եդոմայեցիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրայ, եւ ամենից առաջ ամոնացիներին են հնազանդուելու։
15 Տէրը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովը, իր շնչի սաստկութեամբ իր ձեռքը պիտի երկարի գետի վրայ ու հարուածի եօթը գետաբերաններին, որպէսզի կօշիկով համարձակ կարողանան անցնել այնտեղով։
16 Մի անցուղի պիտի լինի Եգիպտոսում պահպանուած իմ ժողովրդի համար, եւ Իսրայէլը պիտի լինի այնպէս, ինչպէս այն օրը, երբ ելաւ Եգիպտացիների երկրից։