ԵՍԱՅԻ. Chapter 63

1 Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ։ Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին։
2 Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։
3 Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արի.
4 քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր։
5 Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ։
6 Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։
7 Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ։ Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ։
8 Նա էր, որ ասաց. Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ.եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից։
9 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան։
10 Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ։
11 Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին.
12 ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսինեւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը յաւերժացնելու համար։
13 Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին։
14 Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց։ Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն։
15 Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ։
16 Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը։
17 Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի,որ քո ժառանգութիւնն է։
18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը։
19 Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում։