ԵՍԱՅԻ. Chapter 10

1 Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարութիւնը,
2 խեղաթիւրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրաւունքը, որպէսզի որբեւայրին յափշտակութեան ենթարկուի, որբը՝ աւարի։
3 Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղութիւնը հեռուներից պիտի գայ. ո՞ւմ մօտ պիտի փախչէք օգնութեան համար, ո՞ւր պիտի թողնէք ձեր հարստութիւնը։
4 Գերութեան չմատնուելու համար նրանք սպանուածների տակ պիտի թաքնուեն։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
5 Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկութեան ու զայրոյթի գաւազանը.
6 քանզի իմ բարկութիւնն անօրէն ազգի վրայ պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն աւարի ու յափշտակութեան, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները եւ թաղեն նրանց փոշու տակ։
7 Իսկ Ասորեստանի իշխանն այդպէս չմտածեց, ինքն իր մտքում այդպէս չխորհեց, այլ մտադրուեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։
8 Եւ եթէ նրան ասեն, թէ՝ Միայն դո՞ւ ես լինելու իշխան,
9 կը պատասխանի. Մի՞թէ ես չնուաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, եւ Քաղանէն, ուր աշտարակը կառուցուեց։ Ես գրաւեցի նաեւ Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան։
10 Ինչպէս որ դրանք իմ ձեռքով գրաւեցի, այնպէս էլ պիտի նուաճեմ բոլոր իշխանութիւնները։ Ողբացէ՛ք, ո՛վ կուռքեր, որ Երուսաղէմում եւ Սամարիայում էք,
11 քանզի ինչպէս որ վարուեցի Սամարիայի եւ նրա ձեռակերտների հետ, նոյն կերպ էլ վարուելու եմ Երուսաղէմի եւ նրա կուռքերի հետ։
12 Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր բարկութիւնը պիտի թափի նաեւ մեծամտացողի վրայ, Ասորեստանի իշխանի եւ գոռոզութեամբ փայլող նրա աչքերի վրայ։
13 Արդարեւ, նա ասաց. Իմ զօրութեամբ կը կատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կը վերացնեմ ազգերի սահմանները, կը յափշտակեմ նրանց հարստութիւնները, կը ցնցեմ շէն քաղաքները,
14 իմ բազկով կը յարձակուեմ բոլոր երկրների վրայ՝ ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կը վերցնեմ՝ ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկուի, ոչ ոք ինձ չի ընդդիմանայ, բերանը չի բացի եւ ծպտուն չի հանի։
15 Այսպէս ասաց Տէրը. Միթէ կացինը կը բարձրանա՞յ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կ՚ելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս էլ՝ գաւազանը կամ ցուպը, եթէ մէկը չբռնի այն։ Այդպէս չի կարող լինել։
16 Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու։
17 Լոյսն Իսրայէլի կրակ պիտի դառնայ եւ նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պէս պիտի լափի անտառը։
18 Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի։
19 Կենդանի մնացածները թուով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանայ հաշուել նրանց։
20 Այն օրը Իսրայէլից մնացածները եւ Յակոբի տնից փրկուածներն այլեւս մեղքի մէջ չեն ընկնելու եւ ոչ էլ ապաւինելու են իրենց զրկողներին, այլ արդար սրտով ապաւինելու են Աստծուն՝ Իսրայէլի Սրբին։
21 Յակոբի տնից մնացածները պիտի շուռ գան դէպի զօրաւոր Աստուածը։
22 Եւ եթէ Իսրայէլի ժողովուրդը ծովի աւազի չափ էլ լինի, նրանից սակաւաթիւ մարդիկ են միայն մնալու։ Դա կատարուելու է կարճ ու կտրուկ եւ արդարութեամբ,
23 այդ բանը Զօրութիւնների Տէրը վճռականօրէն է կատարելու համայն աշխարհում։
24 Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակւում ես Սիոնում, մի՛ վախեցիր ասորեստանցիներից, երբ նրանք քեզ հարուածեն գաւազանով, քանզի այդ հարուածները ես եմ բերում քեզ վրայ, որպէսզի ճանաչես եգիպտացիների ճանապարհը։
25 Բայց փոքր-ինչ անց իմ բարկութիւնը պիտի իջնի, եւ իմ զայրոյթը պիտի ուղղուի նրանց դիտաւորութիւնների դէմ։
26 Տէր Աստուած հարուածներ պիտի յարուցի նրանց դէմ, նման այն հարուածներին, որոնք հասան Մադիամին՝ չարչարանքների տեղում. նրա զայրոյթը պիտի երեւայ, ինչպէս Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովն անցնելիս։
27 Այն օրը նրա երկիւղը պիտի վերանայ քո վրայից, նրա լուծը՝ քո պարանոցից.եւ ձեր ուսերից պիտի խորտակուի նրա լուծը։
28 Նա պիտի գայ հասնի Անգէ քաղաքը, անցնի Մակեդդովով եւ իր բեռը վայր դնի Մաքմասում։
29 Պիտի անցնի ձորերով, յարձակուի գաբաւոնացիների վրայ, ահաբեկի Ռաման՝ Սաւուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։
30 Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթոթ.
31 թող զարհուրի Մադեբենան, նաեւ նրանք, որ բնակւում են Գեբիմում։
32 Նա պիտի մխիթարուի այսօր՝ գիշերելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դուստր լերանը եւ այն բլուրներին, որոնք Երուսաղէմում են։
33 Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը՝ Աստուած, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառաւորուածներին, եւ ամբարտաւանութեամբ բարձրացածները պիտի խորտակուեն ու խոնարհուեն.
34 բարձրադիր սրով պիտի ընկնեն, եւ Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանուի։