ԵՍԱՅԻ. Chapter 4

1 Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից։
2 Այն օրն Աստուած իր խորհրդաւորութեամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրայ՝ բարձրացնելու եւ փառաւորելու համար Իսրայէլի մնացորդացին։
3 Թէ՛ Սիոնից մնացածները եւ թէ՛ Երուսաղէմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղէմի կենաց գրքի մէջ են գրուած, սուրբ պիտի կոչուեն,
4 քանզի Տէրը Սիոնի եւ Երուսաղէմի տղաների ու աղջիկների աղտեղութիւնը պիտի լուանայ, դատաստանի հոգով եւ այրման հոգով արիւնը նրանց միջից պիտի սրբի։
5 Նա պիտի գայ, եւ Սիոն լերան բոլոր տեղերը ու նրա շուրջն եղած ամէն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկուեն ամենայն փառաւորութեամբ, կարծես բորբոքուած կրակի լոյսով ու ծխով։
6 Հովանի պիտի լինի տօթի դէմ, եւ ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրեւի դէմ։