ԵՍԱՅԻ. Chapter 1

1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսաւ Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ, երբ Հրէաստանում թագաւորում էին Օզիան, Յովաթամը, Աքազը եւ Եզեկիան։
2 Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
3 Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ։
4 Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերով լի ժողովո՛ւրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի սրբին։ Նրանք օտարացան ու յետ քաշուեցին։
5 Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում։ Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան։
6 Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ։
7 Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում։
8 Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը։
9 Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին։
10 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
11 Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը, -ասում է Տէրը,-ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ,
12 եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ։ Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները։
13 Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ՝ զուր է լինելու. ձեր խնկերն էլ են պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ.
14 ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին։ Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը։
15 Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով։
16 Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին։
17 Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն։
18 Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ։
19 Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կը ճաշակէք երկրի բարիքները.
20 իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս։
21 Ինչպէ՜ս պոռնիկ դարձաւ հաւատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հաւատով, ուր արդարութիւնն էր բնակւում, իսկ այժմ՝ մարդասպանները։
22 Ձեր արծաթը փորձուած չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում,
23 ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին։
24 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի ամենազօր Աստուածը. Վա՜յ ձեզ, Իսրայէլի հզօրնե՛ր, բարկութիւնն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդէպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։
25 Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրայ, մաքրելու համար քեզ քուրայում պիտի այրեմ, կորստեան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրէններին, բոլոր ամբարտաւաններին պիտի խոնարհեցնեմ։
26 Քեզ վրայ, ինչպէս առաջ, դատաւորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ՝ ինչպէս նախկինում, եւ այն ժամանակ դու կը կոչուես Քաղաք արդարութեան՝ քաղաքների մայր հաւատարիմ Սիոն։
27 Արդարեւ, նա գերութիւնից պիտի փրկուի իրաւունքով, արդարութեամբ եւ ողորմածութեամբ։
28 Բայց անօրէններն ու մեղաւորները պիտի խորտակուեն միասին, եւ նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջուեն միասին։
29 Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդէպ սէր էին տածում, ամօթահար են լինելու այն դիւապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակուելու են այն պարտէզների համար, որոնց ցանկանում էին։
30 Լինելու են ինչպէս տերեւաթափ բեւեկնի, նմանուելու են այգու, որը ջուր չունի։
31 Նրանց զօրութիւնը վերածուելու է ծեծուած վուշի խռիւի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, եւ անօրէններն ու մեղաւորները այրուելու են միասին. եւ չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։