ԵՍԱՅԻ. Chapter 29

1 Վա՜յ քեզ, Արիէ՛լ քաղաք, Արիէլ, որը Դաւիթը պաշարեց, քանզի տօները խառնուեցին իրար։ Արմտի՛ք հաւաքեցէք եւ տարէցտարի կերէ՛ք, կերէ՛ք Մովաբի հետ միասին։
2 Ես նեղը պիտի գցեմ Արիէլին, որ նրա զօրութիւնն ու մեծութիւնը իմը լինեն։
3 Ես Դաւթի պէս պիտի պաշարեմ քեզ, պատնէշեմ քեզ շուրջանակի եւ քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։
4 Եւ քո խօսքերը դէպի հողը պիտի խոնարհուեն, քո պատգամները գետնի մէջ մտնեն. քո կանչը պիտի լինի ինչպէս վհուկներինը, եւ հողի ընդերքում քո ձայնը պիտի տկարանայ։
5 Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս։
6 Եւ մի ակնթարթում այցելութեան պիտի գայ Զօրութիւնների Տէրը՝ թնդիւնով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկուած մրրիկով եւ լափող կրակի բոցով։
7 Ինչպէս գիշերուայ երազի մէջ յայտնուած տեսիլքում, բոլոր հեթանոսների բազմութիւնը յարձակուելու է Երուսաղէմի ու այնտեղ հաւաքուածների վրայ,նաեւ նրանց վրայ, որոնք նեղում են նրան։
8 Բայց ինչպէս որ երազի մէջ քաղց են զգում եւ ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, եւ կամ ինչպէս մէկը, որ երազում ծարաւում է եւ խմում ու արթնանալով նորից ծարաւ է մնում, եւ իզուր է անցնում հոգու այդ ցանկութիւնը, -այդպէս պիտի լինի նաեւ բոլոր հեթանոսների մեծութիւնը, որոնք զօրքով հաւաքուեցին եւ ելանընդդէմ Երուսաղէմի եւ Սիոն լերան։
9 Ապշահար եղաք, յիմարացաք, թմրեցիք, է՛լ աւելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց եւ ո՛չ էլ օղուց.
10 քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը։
11 Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է։
12 Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում, ու ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, նա պիտի պատասխանի՝ կարդալ չգիտեմ։
13 Տէրն ասում է. Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատուիրաններն ու վարդապետութիւններն է ուսուցանում։
14 Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստութիւնը եւ արհամարհեմ խորհրդականների խորհուրդները։
15 Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խաւարի հետ են։ Նրանք ասում են. Ո՞վ կը տեսնի մեզ, ո՞վ պիտի իմանայ, թէ ինչ ենք անում։
16 Բայց չէ՞ որ դուք բրուտի կաւ էք. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ՚ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Արարչին, թէ՝ իմաստութեամբ չես արարել ինձ։
17 Շատ չէ՝ քիչ ժամանակ կ՚անցնի, եւ Լիբանանը կը դառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կը համարուի։
18 Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն.
19 աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ։
20 Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ,
21 նրանց հետ՝ նաեւ նրանք, ովքեր խօսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց յանդիմանողների բոլորի դռներին թակարդ էին լարում եւ անարդարութեամբ ծռում իրաւունքը։
22 Ուստի եւ Տէրն այսպէս է ասում Յակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. Հիմա Յակոբը չի ամաչելու, Իսրայէլը հիմա երեսի գոյնը չի փոխելու,
23 բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Յակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայէլի Աստծուց։
24 Հոգով մոլորուածները պիտի ճանաչեն իմաստութիւնը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդուել, թոթովախօս լեզուները պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն։