ԵՍԱՅԻ. Chapter 15

1 Պատգամ մովաբացիների մասին
2 Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը։ Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝ ձեր մեհեանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու։ Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները՝ խորտակուել։
3 Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք։
4 Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին, նրանց ձայները մինչեւ Յասսա հասան, ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար,եւ նա ճանաչում է իրեն։
5 Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր, որովհետեւ նա երեք տարեկան երինջ է։ Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մօտ, Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի։
6 Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանայ, եւ այնտեղ դալար բոյս չպիտի ճարուի. մի՞թէ այդպէս հնարաւոր կը լինի ապրել։
7 Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն,
8 քանզի մովաբացու սահմանների բողոքը միացաւ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասաւ մինչեւ Ելիմի ջրհորը։
9 Եւ Ռեմոնի ջուրը պիտի լցուի արեամբ, քանզի Ռեմոնի վրա՛յ պիտի բերեմ արաբացիներին, սողունների պէս պիտի ուղարկեմ երկրի վրայ ու վերացնեմ Մովաբի զաւակին, Արիէլին եւ Ադեմի մնացորդներին։