ԵՍԱՅԻ. Chapter 40

1 Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստուած, -
2 դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ։
3 Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։
4 Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։
5 Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց։
6 Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։
7 Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում,որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։
8 Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան։
9 Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին.
10 Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են։
11 Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին,կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին։
12 Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով։
13 Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար։
14 Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան։
15 Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը։
16 Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն,
17 եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում։
18 Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։
19 Միթէ կո՞ւռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան։
20 Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի։
21 Միթէ չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը։
22 Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում։ Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել՝ ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը՝ նրա մէջ բնակուելու համար։
23 Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում,
24 որպէսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, եւ նրանց արմատը հողի մէջ չհաստատուի։Նա կը փչի նրանց վրայ, եւ կը չորանան, ու փոթորիկը խռիւի նման կը քշի դրանք։
25 Արդ, ո՞ւմ կ՚ուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի, ասում է Իսրայէլի սուրբը։
26 Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից։
27 Մի՛ ասա, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ։
28 Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է։
29 Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն։
30 Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան,
31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։