ԵՍԱՅԻ. Chapter 59

1 Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.
2 ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ։
3 Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն։
4 Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրէնութիւն։
5 Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի ջուր եւ քարբ օձ։
6 Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրէնութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան։
7 Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն։
8 Նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որոնցով ընթանում են, խոտորուած են, եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում։
9 Ահա թէ ինչու իրաւունքը հեռացաւ նրանցից, եւ արդարութիւնը չի հասնելու նրանց. մինչ նրանք լոյս էին ակնկալում՝ խաւար եղաւ նրանց համար, մինչ լոյսի էին սպասում՝ շուռ եկան դէպի մութը։
10 Կոյրերի պէս նրանք պատերն են շօշափելու, խարխափելու են աչքերից զրկուածների պէս, կէսօրին գլորուելու են, ինչպէս կէսգիշերին, օրհասական մարդկանց պէս հոգեվարքի տանջանքներ են տանելու
11 եւ առհասարակ թափառելու են արջերի ու աղաւնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղաւ, սպասեցինք փրկութեան, բայց այն հեռացաւ մեզնից,
12 քանզի բազում են մեր անօրէնութիւնները քո առաջ, եւ մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրէնութիւնները մե՛ր մէջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրաւութիւնները։
13 Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր սրտերում անիրաւութեան խօսքեր յղացանք ու որոճացինք։
14 Յետ վանեցինք իրաւունքը, եւ արդարութիւնը հեռացաւ մեզնից։ Ճշմարտութիւնը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ,
15 եւ արդարութիւնը վերացաւ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։
16 Տեսաւ Տէրը եւ չհաւանեց, որովհետեւ իրաւունքը բացակայում էր։
17 Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մէկը, որ օգնական լինէր. եւ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմութեան հաստատեց նրանց։
18 Իբրեւ զրահ հագաւ արդարութիւնը, իբրեւ սաղաւարտ՝ գլխին դրեց փրկութիւնը, իբրեւ հանդերձ ու պատմուճան՝ իր վրայ գցեց վրէժխնդրութիւնը, որ հատուցում տայ նրանց։
19 Նա նախատինք ու հատուցում պիտի տայ հակառակորդներին ու կղզիների բնակիչներին։
20 Արեւմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արեւելքում՝ նրա փառքից ու համբաւից։ Բարկութիւնն, ինչպէս գետ, ուժգնօրէն պիտի գայ Տիրոջից, կատաղօրէն վրայ պիտի հասնի։
21 Մի փրկիչ պիտի գայ Սիոնից ու պիտի վանի Յակոբի ամբարշտութիւնները, -ասում է Տէրը։
22 Այս է իմ ուխտը նրանց հետ, -ասում է Տէրը։ -Իմ հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից, -ասում է Տէրը։