ԵՍԱՅԻ. Chapter 62

1 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ։
2 Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու։
3 Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։
4 Այլեւս չես կոչուելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ։ Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն, որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի։
5 Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ, այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար։
6 Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը։
7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ։
8 Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր,
9 այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում։
10 Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները,շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար։
11 Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ։
12 Տիրոջ ձեռքով փրկուած Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչուելու ես Փնտռուած քաղաք եւ ոչ թէ Լքուած։