ԵՍԱՅԻ. Chapter 54

1 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ։ Չէ՞ որ Տէրն ասաց.
2 Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։
3 Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները։
4 Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես։
5 Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի։
6 Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց.
7 Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ։
8 Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ։ Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ։
9 Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ։
10 Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ, -ասաց Տէրը։
11 Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ,մինչեւ որ դու մխիթարուես։ Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ.
12 քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից։
13 Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն։
14 Արդարութեամբ պիտի շէնանաս։ Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս, եւ դողը քեզ չբռնի։
15 Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն։
16 Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար։
17 Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու, նրա հետ՝ եւ քո բոլոր դատախազներին։ Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի, -ասում է Տէրը։