ԵՍԱՅԻ. Chapter 19

1 Տեսիլք եգիպտացիների վրայ
2 Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն։
3 Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ։
4 Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։
5 Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց, - այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը։
6 Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու։
7 Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը,
8 գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են։
9 Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու։
10 Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները, եւ նրանք, որ բեհեզ են գործում։
11 Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։
12 Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ։ Էլ ինչպէ՞ս կ՚ասէք արքային. Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ։
13 Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ եւ ասեն, թէ ինչ խորհուրդ խորհեց Զօրութիւնների Տէրը Եգիպտոսի մասին։
14 Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։
15 Տէրը մոլորութեան ոգի խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է։
16 Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում։
17 Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ։
18 Իսկ Հրէաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, եւ ամէնքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մօտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զօրութիւնների Տէրը խորհեց իրենց մասին։
19 Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք։
20 Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող,
21 որը Եգիպտացիների երկրում Տիրոջ համար յաւիտենական նշան է լինելու։ Իրենց նեղութիւնների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, եւ Տէրը նրանց մօտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկելու նրանց։
22 Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն։
23 Տէրը մեծամեծ հարուածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց եւ պիտի լսի ու բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դէպի Տէրը, որը պիտի լսի ու բժշկի նրանց։
24 Այն օրը Եգիպտոսից դէպի Ասորեստան ճանապարհ պիտի լինի, ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ պիտի գնան ասորեստանցիների մօտ. եգիպտացիները պիտի ծառայեն ասորեստանցիներին։
25 Այն օրն Իսրայէլը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի՝
26 օրհնութեան արժանանալով այն երկրում, որն օրհնելու է Զօրութիւնների Տէրը՝ ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը, որը Եգիպտոսում է եւ Ասորեստանում, օրհնեալ լինի իմ ժառանգութիւնը՝ Իսրայէլը։