ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 2

1 Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր լերան շուրջը։
2 Տէրն ինձ ասաց. Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։
3 Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով.
4 Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։
5 Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն։
6 Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։
7 Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տէր Աստուածը քեզ հետ է, եւ այդ ընթացքում ոչ մի բանի պակասութիւն չես զգացել։
8 Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից, շրջուեցինք ու անցանք նաեւ Մովաբի անապատ տանող ճանապարհով։
9 Տէրն ինձ ասաց. Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տայ, քանի որ Սէիրը Ղովտի որդիներին եմ տուել իբրեւ սեփականութիւն։
10 (Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։
11 Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։
12 Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան)։
13 Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով։
14 Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորուեցին, ինչպէս որ Աստուած երդուել էր նրանց։
15 Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։
16 Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց.
17 Դու այսօր Մովաբի սահմանով կ՚անցնես Սէիր։
18 Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։
19 Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն ձեզ չեմ տայ. դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տուել։
20 (Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին զոմզոմեաններ։
21 Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին այդտեղ՝ նրանց փոխարէն։
22 Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ Եսաւի յետնորդներն ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարէն բնակւում են այդտեղ մինչեւ այսօր։
23 Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարէն բնակուեցին այդ երկրում)։
24 Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ։
25 Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ քո սարսափը պիտի պատի նրանց։
26 Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի.
27 Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։
28 Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։
29 Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ, մինչեւ որ Յորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ։
30 Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը։
31 Տէրն ինձ ասաց. Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը։
32 Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։
33 Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։
34 Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք։
35 Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն
36 ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր Աստուածը մատնեց մեր ձեռքը,
37 բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպէս որ մեր Տէր Աստուածն էր պատուիրել մեզ։