ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 15

1 Ամէն եօթը տարին մէկ թողութիւն կ՚անես։
2 Թողութեան կարգն այս է. եթէ քո մերձաւորին պարտք ես տուել, եւ նա պէտք է վերադարձնի դա, ապա կը զիջես, չես պահանջի դա քո մերձաւորից ու եղբօրից, որովհետեւ թողութիւնը յանուն քո Տէր Աստծու է։
3 Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրուած բանը կը պահանջես, բայց ինչ որ եղբայրդ քեզ պարտք է, այն կը զիջես։
4 Թող ձեր մէջ կարիքաւորներ չլինեն, եւ քո Տէր Աստուածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, որպէսզի տիրես դրան։
5 Եթէ ամէն կերպ լսես քո Տէր Աստծու ձայնը՝ պահես ու կատարես բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ,
6 քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ, ինչպէս խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կը տաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կը տիրես, բայց քեզ չեն տիրի։
7 Եւ եթէ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի քաղաքներից որեւէ մէկում քո եղբայրների մէջ մէկը կարիքաւոր լինի, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքաւոր եղբօր նկատմամբ ժլատութիւն մի՛ արա,
8 այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կը խնդրի նա իր կարօտութեան մէջ։
9 Զգո՛յշ եղիր, չլինի թէ մտքումդ ծածուկ չար բան լինի եւ ասես, թէ՝ Մօտ է եօթներորդ տարին՝ թողութեան տարին, եւ թշնամաբար նայես կարիքի մէջ գտնուող քո եղբօր վրայ եւ նրան պարտք չտաս։ Եթէ նա քո դէմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կ՚ընկնես։
10 Տո՛ւր նրան, պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Պարտք տալուց յետոյ մի՛ տրտմիր, որովհետեւ դրա համար քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի քո բոլոր գործերում՝ ինչի էլ որ ձեռք տաս։
11 Քանի որ կարիքաւորներն անպակաս են լինելու երկրի վրայ, դրա համար էլ այս բանը պատուիրելով՝ ասում եմ. Քո աղքատ եղբօր եւ քո երկրում տառապեալ մարդկանց նկատմամբ առատաձե՛ռն եղիր։
12 Եթէ եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառուի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ եօթներորդ տարում նրան ազատ կ՚արձակես քեզնից։
13 Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես.
14 նրան կը տաս քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։
15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատուիրում եմ, որ կատարես այս բաները։
16 Եթէ ծառան քեզ ասի՝ Քեզանից չեմ հեռանայ, քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետեւ նրա համար յարմար է քեզ մօտ մնալը,
17 ապա հերիւնը կը վերցնես, դռան սեմի վրայ կը ծակես նրա ականջը, եւ նա ցմահ կը դառնայ քո ստրուկը։ Նոյն կերպ կը վարուես քո աղախնի նկատմամբ։
18 Քեզ ծանր թող չթուայ, եթէ քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի շարունակ վարձկանի վարձով են ծառայել քեզ։ Այն ժամանակ ինչ գործ էլ կատարես, քո Տէր Աստուածը կ՚օրհնի քեզ։
19 Քո նախիրներում ու հօտերում ծնուած բոլոր առաջին ծնունդների որձերին կը նուիրաբերես քո Տէր Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես եւ քո հօտերի առաջին ծնունդները չխուզես։
20 Տարէցտարի դու եւ քո ընտանիքը կ՚ուտէք քո Տիրոջ առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
21 Եթէ այդ անասունը արատաւոր լինի՝ կաղ, կոյր կամ որեւէ ուրիշ արատ ունենայ, դրան քո Տէր Աստծուն զոհ մի՛ բեր,
22 այլ կե՛ր քո քաղաքներում։ Այնտեղ գտնուող անմաքուր ու մաքուր մարդիկ միասին կարող են ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն։
23 Արիւնը, սակայն, չուտես, այլ իբրեւ ջուր կը թափես գետին։