ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 9

1 Լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ,
2 մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը, թէ՝ Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին։
3 Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը։
4 Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը։ Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ։
5 Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը։
6 Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես։
7 Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը։
8 Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան,
9 երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի.
10 Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ։ Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը։
11 Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։
12 Տէրն ինձ ասաց. Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել։
13 Տէրն ինձ ասաց. Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։
14 Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚։
15 Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։
16 Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել,
17 վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի։
18 Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։
19 Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը։
20 Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար,
21 ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ։
22 Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ։
23 Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել։
24 Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրուանից ի վեր, ինչ այն ձեզ ծանուցուեց։
25 Ես Տիրոջ առջեւ աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետեւ Տէրն ասում էր, որ կը կոտորի ձեզ։
26 Ես Տիրոջ առջեւ աղօթք անելով՝ ասացի. Տէ՛ր, Տէ՛ր, աստուածների թագաւոր, մի՛ կոտորիր քո ժողովրդին ու քո ընտրած մարդկանց, որոնց փրկեցիր, դուրս բերեցիր Եգիպտոսից քո մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով։
27 Յիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իահակին ու Յակոբին, որոնց երդուեցիր քո անունով։ Քո ժողովրդի խստութեան, ամբարշտութեան ու մեղքերի վրայ ուշադրութիւն մի՛ դարձրու։
28 Չլինի այնպէս, որ այն երկրի բնակիչները, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն. Քանի որ Տէրը չկարողացաւ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, եւ քանի որ Տէրն ատում էր նրանց, դուրս բերեց նրանց, որպէսզի կոտորի անապատում։
29 Սրանք քո ժողովուրդն են ու քո ընտրած մարդիկ, որոնց քո հզօր զօրութեամբ ու հզօր բազկով ես դուրս բերել Եգիպտացիների երկրից։