ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 16

1 Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր քո Տէր Աստծու զատիկը, որովհետեւ Կանխոց ամսին, գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
2 Քո Տէր Աստծու համար կը մորթես զատիկը՝ ոչխարներ ու արջառներ կը զոհես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։
3 Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ եօթը օր բաղարջ՝ չարչարանաց հաց կ՚ուտես, որովհետեւ տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպէսզի ձեր կեանքի բոլոր օրերին յիշէք Եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։
4 Քո բոլոր բնակավայրերում եօթը օր թթխմորով բան չերեւայ, եւ մինչեւ յաջորդ առաւօտ չմնայ այն մսից, որ մորթել ես առաջին օրուայ երեկոյեան։
5 Չհամարձակուես քո զատիկը մորթել քո քաղաքներից մէկում, որոնք քո Տէր Աստուածը տալու է քեզ.
6 զատիկը կը մորթես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ, կը զոհես երեկոյեան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։
7 Կ՚եփես, կը խորովես ու կ՚ուտես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, եւ վաղ առաւօտեան կը վերադառնաս քո տունը։
8 Վեց օր բաղարջ հաց կ՚ուտես, իսկ եօթներորդ օրը ելքի օրն է՝ քո Տէր Աստծու տօնը։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի այն գործերից, որ անհրաժեշտ են մարդու պէտքերի համար։
9 Եօթը շաբաթ կը հաշուես՝ սկսած քո մանգաղը գործի դնելու օրից։ Այդ օրուանից կը սկսես հաշուել եօթը շաբաթ
10 եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ։
11 Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը, որբն ու այրին քո Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք այն վայրում, որ կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։
12 Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատուիրանները։
13 Տաղաւարահարաց տօնը կը կատարես եօթը օր, երբ կը հաւաքես քո կալի ու քո հնձանի արգասիքը։
14 Տօնդ կատարելիս կ՚ուրախանաք դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին, պանդուխտը, որբն ու այրին։
15 Քո Տէր Աստծու համար եօթը օր տօն կը կատարես այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Եթէ քո Տէր Աստուածը օրհնի քո բոլոր բերքը եւ քո ձեռնարկած բոլոր գործերը, այն ժամանակ կ՚ուրախանաս։
16 Քո բոլոր արական սեռի մարդիկ տարուայ մէջ երեք անգամ՝ Բաղարջակերաց տօնի, Շաբաթների տօնի եւ Տաղաւարահարաց տօնի ժամանակ պէտք է դէմ յանդիման կանգնեն քո Տէր Աստծու առջեւ այն վայրում, որ կ՚ընտրի Տէրը։ Ոչ ոք քո Տէր Աստծու առջեւ դատարկաձեռն չպէտք է երեւայ։
17 Իւրաքանչիւրը թող ըստ իր կարողութեան տայ՝ քո Տէր Աստծու քեզ տուած օրհնութեան համեմատ։
18 Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,
19 աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար մարդկանց խօսքերը։
20 Արդար դատ կ՚անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ։
21 Ոչ մի տեսակ ծառ մի՛ տնկիր քո Տէր Աստծու զոհասեղանի մերձակայքում, հեթանոսական նուէրներ մի՛ ընդունիր,
22 քեզ համար սիւն մի՛ կանգնեցրու, մի բան, որ ատել է քո Տէր Աստուածը։