ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 34

1 Մովսէսը Մովաբի երկրի Արաբոթ վայրից բարձրացաւ Նաբաւ լեռը՝ Փոգորի գագաթը, որ գտնւում է Երիքովի դիմաց։ Տէրը նրան ցոյց տուեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչեւ Դան,
2 Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասէի ամբողջ երկիրը, Յուդայի ամբողջ երկիրը մինչեւ հեռաւոր ծովը,
3 անապատն ու Երիքովի շրջակայքը, արմաւենիների քաղաքները մինչեւ Սեգոր։
4 Տէրն ասաց Մովսէսին. Այս է այն երկիրը, որ երդուելով Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասել եմ. Քո յետնորդներին եմ տալու դա։ Այս երկիրը ցոյց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու։
5 Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում, Տիրոջ խօսքի համաձայն։
6 Նրան թաղեցին Գայիում, Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը։
7 Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել։
8 Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց երեսուն օր ողբացին։ Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը։
9 Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ։ Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
10 Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։
11 Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները
12 Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով։