ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 5

1 Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացիներին եւ ասաց նրանց. Իսրայէ՛լ, լսի՛ր այն օրէնքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորեցէ՛ք եւ հետեւէ՛ք, որ կիրառէք դրանք։
2 Մեր Տէր Աստուածը ուխտ արեց ձեզ Քորէբում։
3 Տէրն այդ ուխտը արեց ոչ թէ ձեր հայրերին, այլ՝ ձեզ, իսկ դուք բոլորդ կենդանի էք այսօր։
4 Տէրը դէմ յանդիման խօսեց ձեզ հետ լերան վրայ, կրակի միջից։
5 Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջեւ, որպէսզի ձեզ յայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետեւ դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տէրն ասաց.
6 Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
7 Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,
8 վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,
9 դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։
10 Դրա փոխարէն ես ողորմածութիւն եմ ցուցաբերում ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ։
11 Քո Տէր Աստծու անունը սուտ բանի համար չարտասանես, որովհետեւ քո Տէր Աստուածը չի արդարացնի նրան, ով իր անունը սուտ բանի համար է արտասանում։
12 Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը։
13 Վեց օր կ՚աշխատես եւ կը կատարես քո բոլոր գործերը,
14 իսկ եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է. դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո եզը, էշն ու բոլոր անասունները, քո յարկի տակ գտնուող եկուորը այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք, որովհետեւ քո ծառան ու աղախինը պէտք է հանգստանան, ինչպէս եւ դու։
15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը այնտեղից քեզ դուրս բերեց ամուր ձեռքով ու հզօր բազկով, որի համար քո Տէր Աստուածը քեզ պատուիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։
16 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։
17 Մի՛ շնացիր։
18 Մի՛ սպանիր։
19 Մի՛ գողացիր։
20 Քո մերձաւորի մասին սուտ վկայութիւն մի՛ տուր։
21 Քո մերձաւորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ ունեցիր ո՛չ քո ընկերոջ տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որեւէ անասունի, ո՛չ այն ամէնի վրայ, ինչ քո մերձաւորին է պատկանում։
22 Տէրը կրակի միջից բարձր ձայնով այս պատգամները յղեց ձեր ժողովրդին լերան վրայ, որը խաւարով, մէգով ու մառախուղով էր պատուած, եւ այլեւս ոչինչ չաւելացրեց։ Նա դրանք գրեց քարէ երկու տախտակների վրայ ու տուեց ինձ։
23 Երբ դուք կրակի միջից ձայնը լսեցիք, եւ լեռը բորբոքուած էր կրակով, ձեր ցեղերի իշխաններն ու ձեր ծերերը ինձ մօտենալով՝ ասացին.
24 Տէր Աստուածը, ահա, մեզ ցոյց տուեց իր փառքն ու իր մեծութիւնը, նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այդ օրը համոզուեցինք, որ Աստուած է խօսում մարդու հետ, եւ մարդը կենդանի է մնում։
25 Արդ, չմեռնենք, որովհետեւ այս մեծ կրակը մեզ կը սպանի. եթէ միւս անգամ դարձեալ լսենք մեր Տէր Աստծու ձայնը, ապա կը մեռնենք։
26 Որովհետեւ միս ու արիւնից կազմուած այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպէս մենք ենք լսել, ու կենդանի է մնացել։
27 Մօտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ մեր Տէր Աստուածը կ՚ասի եւ մեզ հաղորդի՛ր այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը կ՚ասի քեզ։ Մենք կը լսենք ու կը կատարենք։
28 Տէրը լսեց ինձ ասած ձեր խօսքերը, եւ Տէրն ասաց ինձ. Լսեցի ժողովրդի այն խօսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամէն ինչ ճիշտ ասացին։
29 Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպէս անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատուիրանները բոլոր օրերում, որպէսզի յաւիտեան լաւ լինի նրանց ու նրանց որդիների համար։
30 Արդ, գնա՛ եւ ասա՛ նրանց. Վերադարձէ՛ք ձեր տները։
31 Դու մնա՛ այստեղ, ինձ մօտ, որպէսզի քեզ հաղորդեմ այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ պիտի սովորեցնես նրանց, եւ նրանք պիտի գործադրեն այն երկրում, որ ես նրանց տալու եմ իբրեւ ժառանգութիւն։
32 Հետեւեցէ՛ք, որ դրանք գործադրէք այնպէս, ինչպէս պատուիրել է ձեզ ձեր Տէր Աստուածը։ Չշեղուէք ո՛չ աջ, ո՛չ ձախ,
33 գնացէ՛ք այն ճանապարհով, որ պատուիրել է ձեզ մեր Տէր Աստուածը, որպէսզի տեղաւորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, եւ դուք երկար ապրէք այն երկրում, որ ստանալու էք իբրեւ ժառանգութիւն։