ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 23

1 Ամորձիքը ճզմած կամ կռտած մարդն իրաւունք չունի Աստծու ժողովարանը մտնելու։
2 Պոռնկորդին իրաւունք չունի Տիրոջ ժողովարանը մտնելու։
3 Ամոնացին ու մովաբացին իրաւունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու։ Նրանց մինչեւ տասներորդ սերունդը թող յաւիտեան Տիրոջ ժողովարանը չմտնի,
4 որովհետեւ Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին նրանք հացով ու ջրով ձեզ ընդառաջ չելան եւ որովհետեւ քո դէմ վարձեցին միջագետքցի Բէորի որդի Բաղաամին, որպէսզի սա անիծի քեզ։
5 Քո Տէր Աստուածը, սակայն, չկամեցաւ լսել Բաղաամին, եւ քո Տէր Աստուածն անէծքը վերածեց օրհնութեան, քանի որ քո Տէր Աստուածը սիրեց քեզ։
6 Քո կեանքի բոլոր օրերին, մինչեւ յաւիտեան նրանց հետ հաշտութեամբ չխօսես։
7 Եդոմայեցուց մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացուց մի՛ խորշիր, որովհետեւ պանդուխտ էիր նրա երկրում։
8 Նրանց երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովարանը։
9 Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, զգուշացի՛ր ամէն տեսակ չար բաներից։
10 Եթէ ձեր մէջ գտնուի մի մարդ, որն իր երազախաբութեան պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի եւ բանակատեղի չմտնի։
11 Երեկոյեան նա իր մարմինը պէտք է լուայ ջրով եւ արեւը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։
12 Բանակատեղիից դուրս առանձնացուած մի տեղ պէտք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։
13 Քո գօտուց կախուած պէտք է ունենաս մի ցից, որպէսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղութիւնն այնտեղ նետելով՝ ծածկես.
14 որովհետեւ քո Տէր Աստուածը շրջում է քո բանակատեղիում, որպէսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայութեամբ մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պէտք է մնայ, քո միջավայրում աղտեղութիւն չպէտք է երեւայ, այլապէս Տէրը երես կը թեքի քեզանից։
15 Իր տիրոջից փախչելով քեզ մօտ եկած ստրուկին մի՛ յանձնիր նրա նախկին տիրոջը.
16 նա թող բնակուի քեզ հետ ու քեզ հետ տեղաւորուի այնտեղ, ուր նա յարմար է գտնում։ Նրան նեղութիւն մի՛ պատճառէք։
17 Իսրայէլի դուստրերի մէջ բոզ չպէտք է լինի, իսկ Իսրայէլի տղաների մէջ՝ իգացող։ Իսրայէլի դուստրերին կռապաշտութեան նուէր չդարձնէք, եւ Իսրայէլի տղաներից որեւէ մէկին չընծայաբերէք։
18 Պոռնկի վարձը կամ շնացող տղամարդու գինը որեւէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ երկուսն էլ պիղծ են։
19 Քո եղբօրը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր։
20 Ամէն ինչ կարող ես փոխ տալ օտարին ու քո եղբօրը, որպէսզի քո Տէր Աստուածը օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
21 Եթէ ուխտ ես անում քո Տէր Աստծուն, ապա մի՛ յապաղիր այն կատարել, որովհետեւ քո Տէր Աստուածը պահանջելով պահանջելու է քեզանից, եւ չկատարելու դէպքում մեղք կը բարդես վրադ։
22 Եթէ չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարուի քեզ։
23 Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛յշ եղիր, որ անես այնպէս, ինչպէս որ ուխտել ես քո Տէր Աստծուն։ Տո՛ւր այն նուէրը, որ խոստացել ես քո բերանով։
24 Եթէ մտնես քո մերձաւորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձաւորի արտում մանգաղ չգործածես։
25 Եթէ մտնես քո մերձաւորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչեւ յագենալդ, բայց ամանի մէջ լցնելով չտանես։