ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 6

1 Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու կանոնները, որ մեր Տէր Աստուածը հրամայեց ուսուցանել ձեզ, որպէսզի դրանք գործադրէք այն երկրում, ուր պիտի մտնէք իբրեւ ժառանգութիւն ստանալու համար։
2 Դու, քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կեանքի բոլոր օրերին պէտք է երկնչէք մեր Տէր Աստծուց, պէտք է պահէք նրա բոլոր օրէնքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպէսզի երկար ապրէք։
3 Լսի՛ր, Իսրայէ՛լ, եւ հետեւի՛ր, որ կատարես դրանք, որպէսզի լաւ լինի քեզ համար, ու դուք չափազանց բազմանաք, ինչպէս քո հայրերի Աստուածն է խոստացել, որպէսզի նա քեզ տայ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ Սրանք են այն օրէնքներն ու կանոնները, որ Մովսէսն անապատում հաղորդեց իսրայէլացիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտացիների երկրից։
4 Մովսէսն այնուհետեւ շարունակեց. Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։
5 Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։
6 Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ։
7 Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։
8 Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ,
9 դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ։
10 Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,
11 ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել,
12 եւ ուտես ու յագենաս,
13 ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր։
14 Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա,
15 որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է։ Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից։
16 Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում։
17 Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։
18 Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին,
19 որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է։
20 Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ,
21 ապա քո որդուն կ՚ասես. Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։
22 Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց։
23 Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին։
24 Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր։
25 Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ։