ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 14

1 Դուք ձեր Տէր Աստծու որդիներն էք։ Սգի մէջ գտնուելիս ձեր մարմնի վրայ կտրուածքներ չանէք եւ ձեր ճակատները չխփէք,
2 որովհետեւ դուք ձեր Տէր Աստծու սուրբ ժողովուրդն էք։ Ձեր Տէր Աստուածը ձեզ է ընտրել, որ երկրի երեսին գտնուող բոլոր ազգերի մէջ դուք լինէք իրեն պատկանող ժողովուրդ։
3 Ամէն մի գարշելի բան մի՛ կերէք։
4 Սրանք են այն անասունները, որ կարող էք ուտել. արջառ, հօտի ոչխար, արու այծ,
5 եղջերու, այծեամ, գոմէշ, իշայծեամ, այծքաղ, վայրի այծ եւ ընձուղտ։
6 Կ՚ուտէք նաեւ թաթը ճեղքուած, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր անասունները։
7 Մի՛ կերէք այն անասունները, որոնք որոճում են, բայց թաթը ճեղքուած կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, դրանք ձեզ համար անմաքուր են։
8 Խոզը թէեւ ճեղքուած թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերէք նրա միսը եւ դրանց սատկած դիակին մի՛ մօտեցէք։
9 Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող էք ուտել. կ՚ուտէք ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն։
10 Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։
11 Բոլոր մաքուր թռչունները կարող էք ուտել։
12 Սրանք են այն թռչունները, որ չպէտք է ուտէք. արծիւ, անգղարծիւ, անգղ,
13 գետարծիւ, ցին եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նոյնպէս եւ
14 որի եւ այն, ինչ դրան ցեղակից է,
15 ջայլամ, բու, ճայ,
16 արագիլ, կարապ, հողամաղ,
17 քաջահաւ, սոխակ, ագռաւ,
18 հաւալուսն, քաղադր եւ այն, ինչ դրանց ցեղակից է, նաեւ՝ յոպոպ եւ չղջիկ։
19 Թռչող բոլոր զեռունները ձեզ համար անմաքուր թող լինեն, դրանք մի՛ կերէք։
20 Կ՚ուտէք բոլոր մաքուր թռչունները։
21 Ոչ մի սատկած անասունի միս չուտէք։ Այն կը տաք ձեր քաղաքներում գտնուող պանդխտին, որ ուտի, կամ էլ կը վաճառէք օտար մարդու, որովհետեւ դու քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդն ես։Գառը իր մօր կաթի մէջ չեփես։
22 Քո սերմանած բոլոր արմտիքների, քո դաշտերի բերքի տասանորդը կը յանձնես ամէն տարի։
23 Դա կ՚ուտես քո Տէր Աստծու առջեւ, այն վայրում, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ Այդտեղ կը մատուցես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպէսզի սովորես յաւիտեանս երկնչել քո Տէր Աստծուց։
24 Իսկ եթէ ճանապարհը հեռու է քեզանից, եւ դու չես կարող տանել քո տասանորդը, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է քո Տէր Աստուածը՝ իր անունը հռչակելու այնտեղ, նրա՛ համար որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ,
25 կը վաճառես քո տասանորդը արծաթի դիմաց եւ այդ արծաթը վերցնելով ձեռքդ՝ կը գնաս այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը։
26 Այդ արծաթով կը գնես այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ոգելից խմիչք կամ այն ամէնը, ինչ ինքդ կը կամենաս, կ՚ուտես այնտեղ քո Տէր Աստծու առջեւ, եւ կ՚ուրախանաք դու եւ քո որդին։
27 Քո քաղաքներում գտնուող ղեւտացուն աչքաթող չանես, որովհետեւ նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ։
28 Երեք տարի անցնելուց յետոյ կ՚առանձնացնես այդ տարուայ բերքի բոլոր տասանորդները եւ կը պահես քո քաղաքներում։
29 Կը գայ ղեւտացին, որը ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգութիւն քեզ հետ, կը գան քո քաղաքներում բնակուող եկուորը, որբն ու այրին, կ՚ուտեն ու կը կշտանան, եւ քո Տէր Աստուածը կ՚օրհնի քո բոլոր գործերը։