ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 24

1 Եթէ մէկը կին է առնում ու մերձենում նրան, բայց այնպէս է պատահում, որ, նրա մէջ անարգութեան հանգամանք նկատելով, դադարում է նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։
2 Եթէ այս կինն ամուսնանայ մի այլ մարդու հետ,
3 եւ վերջին ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի բաժանուելու թուղթ, տայ նրա ձեռքը եւ նրան արձակի իր տնից։ Եթէ մեռնի նրան կնութեան առած վերջին ամուսինը,
4 ապա նրան արձակող առաջին ամուսինը իրաւունք չունի նրա պղծուելուց յետոյ նրան նորից կնութեան առնելու, որովհետեւ դա պղծութիւն է քո Տէր Աստծու առջեւ։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ Տէր Աստուածը ձեզ է տալու իբրեւ ժառանգութիւն։
5 Եթէ մի տղամարդ նոր է ամուսնացել, ապա նա պատերազմի թող չգնայ. նրա վրայ ոչ մի պարտականութիւն թող չդրուի, ազատ թող լինի իր տան մէջ եւ ուրախացնի իր առած կնոջը։
6 Աղօրիքի վերին ու ստորին մասերը գրաւ չվերցնես, որովհետեւ այդպիսով դրա տիրոջ կեանքն ես գրաւ վերցրած լինում։
7 Եթէ որեւէ մարդագող իր եղբայրներից՝ իսրայէլացիներից մէկին գողանալով վաճառի, ապա գողը պէտք է մահուան դատապարտուի։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։
8 Զգուշացի՛ր բորոտութիւնից, հետամուտ եղի՛ր, որ կատարես բոլոր այն օրէնքները, որ քեզ կը հաղորդեն ղեւտացի քահանաները, ինչպէս որ ես եմ պատուիրել ձեզ, որ զգոյշ լինէք։
9 Յիշեցէ՛ք, թէ ձեր Տէր Աստուածը ինչ արեց Մարիամին, երբ դուք Եգիպտոսից ճանապարհ էիք ընկել։
10 Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես.
11 կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս։
12 Եթէ աղքատ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի,
13 այլ արեւը մայր մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու առջեւ կատարուած բարութիւն թող համարուի։
14 Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին.
15 նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, եւ քեզ վրայ դա որպէս մեղք թող չբարդուի։
16 Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն։ Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար։
17 Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու,
18 որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։
19 Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկուորին, այրուն ու որբին, որպէսզի քո Տէր Աստուածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես։
20 Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։
21 Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։
22 Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։