ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 32

1 Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խօսեմ, եւ երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։
2 Իմ խօսքը թող ընկալուի իբրեւ անձրեւ, իմ պատգամներն իջնեն իբրեւ ցօղ, իբրեւ սէզի վրայ տեղացող անձրեւ ու խոտի վրայ տեղացող տեղատարափ,
3 որովհետեւ Տիրոջ անունը տուեցի։ Օրհնութիւն առաքեցէ՛ք մեր Տէր Աստծուն,
4 Աստուած, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինաւոր։ Աստուած հաւատարիմ է, եւ Նրա մէջ անիրաւութիւն չկայ, Տէրն արդար է ու անարատ։
5 Սրանք մեղք գործեցին, բայց դրա համար որդիները մեղաւոր չեն։ Սա թիւր ու մոլորուած մի ազգ է։
6 Ո՜վ յիմար ու անմիտ ժողովուրդ, մի՞թէ Տիրոջը դրանով ես հատուցում։ Մի՞թէ նա այն հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց քեզ։
7 Յիշի՛ր անցած օրերը, մտաբերի՛ր անցած սերունդների տարիները, հարցրո՛ւ քո հայրերին, եւ նրանք քեզ կը պատմեն, քո ծերերին, եւ նրանք քեզ կ՚ասեն։
8 Երբ Բարձրեալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպէս Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու որդիների թուի։
9 Տիրոջ բաժինն եղաւ իր ժողովուրդը՝ Յակոբը, իսկ իր ժառանգութեան վիճակը՝ Իսրայէլը։
10 Նա հոգաց նրա պէտքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարաւեցնող տօթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի լոյսի պէս պահեց նրան։
11 Իր բոյնն ու իր ձագերին թեւի տակ առնող արծուի նման գթաց, տարածեց իր թեւերն ու ընդունեց նրան, բարձրացրեց ու իր մէջքին դրեց նրան։
12 Միայն Տէ՛րն էր տանում նրանց, եւ նրանց հետ օտար աստուած չկար։
13 Նրանց բերեց երկրի բարգաւաճ վայրերը, նրանց կերակրեց արտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող իւղով կերակրեց նրանց։
14 Գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպի, ընտիր ցորենի ալիւրի հետ նրանց տալիս էր կովերի կարագ ու մաքիների կաթ, նրանք խմում էին խաղողի արիւն՝ գինի։
15 Յակոբը կերաւ ու յագեցաւ, ճարպակալեց ու ըմբոստացաւ այդ սիրելի մարդը։ Գիրացաւ, հաստացաւ ու լայնացաւ, լքեց Տէր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դէմ։
16 Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ։
17 Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակաւոր, եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը։
18 Դու լքեցիր քեզ ծնած քո Աստծուն, մոռացար քեզ կերակրող Աստծուն։
19 Տէրը տեսաւ ու վրդովուեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկութեան համար։ Նա ասաց.
20 Իմ երեսը կը թեքեմ նրանցից եւ նրանց ցոյց կը տամ, թէ ինչ կը լինի նրանց վախճանը, որովհետեւ սրանք մոլորուած ազգ են, հաւատ չունեցող որդիներ։
21 Նրանք ինձ վրդովեցին չաստուածներով, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց կ՚անհանգստացնեմ իրաւ ազգ չեղող մարդկանցով, նրանց կը բարկացնեմ անմիտ ժողովրդով։
22 Իմ բարկութիւնից հուր է բորբոքուել։ Դա կ՚այրի մինչեւ դժոխքի խորքերը, կը լափի հողն ու նրա բերքը, կը վառի լեռների հիմքերը։
23 Նրանց վրայ չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրայ թափելով։
24 Նրանք պիտի հիւծուեն սովից ու թռչունների կեր ուտելով։ Անբուժելի հիւանդութիւններ եւ ժանիքաւոր գազաններ պիտի ուղարկեմ նրանց վրայ, որպէսզի սրանք երկրի երեսից վերացնեն նրանց։
25 Դրսից սուրը, իսկ ներսից երկիւղը թող ոչնչացնեն նրանց՝ երիտասարդներին, կոյս աղջիկներին, կաթնակերներին ու ալեւոր ծերերին։
26 Ասացի, որ կը ցրեմ նրանց, մարդկանց միջից կը վերացնեմ նրանց յիշատակը։
27 Բայց այդ բանն անելուց հրաժարուեցի, քանզի նկատի ունէի թշնամիների զայրոյթը. չլինի թէ հակառակորդները երկար ապրեն եւ վեր կենան ու ասեն. Ոչ թէ Տէրն արեց այս ամէնը, այլ՝ մեր հզօր ձեռքերը։
28 Սրանք անխոհեմ ազգ են, ու նրանց մէջ իմաստութիւն չկայ։
29 Նրանք չմտածեցին ի մտի ունենալ այս.արդ, կը ստանան ապագայում։
30 Մի մարդ ինչպէ՞ս կարող է հալածել հազարին, եւ երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթէ Աստուած չի ոչնչացնում նրանց։
31 Նրանց աստուածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։
32 Սոդոմի որթատնկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկոյզը՝ դառն։
33 Նրանց գինին վիշապների ժահրն է եւ իժերի մահառիթ թոյնը։
34 Մի՞թէ այս ամէնն ինձ մօտ չի հաւաքուած եւ կնքուած չի պահւում իմ գանձարանում։
35 Կը հատուցեմ վրէժխնդրութեան օրը՝ այն ժամանակ, երբ նրանք կը շեղեն իրենց ուղին, որովհետեւ մօտ է նրանց կորստեան օրը, եւ ձեր դատաստանը պատրաստ է։
36 Տէրը դատելու է իր ժողովրդինեւ մխիթարուելու է իր ծառաներով, որովհետեւ տեսել է, որ նրանք հիւծուած են, լքուած ու գերութեան մատնուած։
37 Եւ Տէրը պիտի ասի. Ո՞ւր են նրանց աստուածները, որոնց ապաւինում էիք,
38 որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նուիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։
39 Տեսէք, տեսէք, որ ԵՍ ԵՄ միայն, եւ ինձանից բացի ուրիշը չկայ։ Ես եմ սպանում եւ ես եմ փրկում, ես եմ հիւանդացնում եւ ես եմ բժշկում։ Չկայ մէկը, որ կարողանայ փրկել իմ ձեռքից։
40 Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդւում եմ իմ աջով ու ասում. Ես յաւիտեան կենդանի եմ,
41 իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, եւ իմ թշնամիներից ես պիտի վրէժ լուծեմ։ Հատուցելու եմ նաեւ ինձ ատելի մարդկանց։
42 Իմ նետերը պիտի յագենան արեամբ, իսկ իմ սուրը պիտի խմի վիրաւորների, գերիների եւ ինձ թշնամի իշխանների արիւնը։ Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։
43 Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ, նրան թող զօրացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետեւ նրա որդիների արեան վրէժն է պահանջւում. թշնամիների վրէժն է պահանջուելու, եւ դատաստան է արուելու։ Թող ատելի մարդկանց նա արժանին հատուցի, եւ Տէրը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը։Մովսէսն այս օրհներգութիւնները գրեց այդ օրը եւ դրանք սովորեցրեց իսրայէլացիներին։
44 Մովսէսը մտաւ ժողովրդի մէջ, եւ ինքն ու Նաւէի որդի Յեսուն օրէնքի բոլոր խօսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։
45 Մովսէսը, այս խօսքերը բոլոր իսրայէլացիներին հաղորդելուց յետոյ,
46 նրանց ասաց. Ձեր հոգու մէջ պահեցէ՛ք բոլոր այն խօսքերը, որոնց վրայ այսօր վկայութիւն եմ դնում ձեր առջեւ։ Դրանք հաղորդեցէ՛ք ձեր որդիներին, որպէսզի պահեն ու կատարեն օրէնքի բոլոր խօսքերը։
47 Սա ոչ թէ դատարկ խօսք է, այլ ձեր կեանքի էութիւնը։ Դրա համար էլ երկար կ՚ապրէք այն երկրում, որ դուք, անցնելով Յորդանան գետը, պիտի ժառանգէք։
48 Տէրը նոյն օրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.
49 Բարձրացի՛ր Մովաբի երկրում Երիքովի դիմաց գտնուող Աբարիմ լեռը՝ Նաբաւ լեռը, եւ դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ իսրայէլացիներին իբրեւ սեփականութիւն։
50 Գնա վախճանուի՛ր այնտեղ, քո բարձրացած լերան վրայ եւ միացի՛ր քո ժողովրդին, ինչպէս որ Հոր լերան վրայ մեռաւ քո եղբայր Ահարոնն ու միացաւ իր ժողովրդին։
51 Եւ սա՝ ի դիմաց այն բանի, որ իսրայէլացիների ներկայութեամբ Հակառակութեան ջրերի մօտ, Կադէսում՝ Սին անապատում, անտեսեցիք իմ խօսքերը, չփառաւորեցիք դրանք իսրայէլացիների մէջ։
52 Դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ պիտի չմտնես։