ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 12

1 Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որոնք դուք հետեւողականօրէն պիտի կատարէք այն երկրում, որը ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն։ Դրանք պիտի կատարէք այդ երկրի վրայ ձեր կեցութեան բոլոր օրերում։
2 Ոչնչացրէ՛ք բարձր լեռների, բլուրների վրայ ու վարսաւոր ծառերի տակ գտնուող բոլոր վայրերը, ուր միւս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, եւ որոնց դուք պիտի տիրանաք։
3 Քարուքա՛նդ արէք նրանց բագինները, ջարդուփշո՛ւր արէք նրանց կոթողները, խորտակեցէ՛ք նրանց յուշասիւները եւ կրակի մատնեցէ՛ք նրանց տաշածոյ կուռքերը։
4 Չաստուածների անունները վերացրէ՛ք այդ վայրերից, բայց այդպէս մի՛ վարուէք ձեր Տէր Աստծու նկատմամբ։
5 Նրան պիտի պաշտէք այն տեղում, որ ձեր Տէր Աստուածը պիտի ընտրի ձեր ցեղերից մէկի տարածքում, եւ այն պիտի կոչէք նրա անունով եւ նրա՛ մէջ պիտի բնակեցնէք նրան։ Փնտռեցէ՛ք այն եւ մտէ՛ք այնտեղ։
6 Այդտե՛ղ կը մատուցէք ձեր ողջակէզները, զոհերը, կը տաք ձեր տասանորդները, պարգեւները, ձեր ուխտած, խոստացած եւ կամաւոր նուէրները, նաեւ ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։
7 Դուք եւ ձեր ընտանիքների անդամները կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ եւ կ՚ուրախանաք այն ամէնի համար, ինչ արել էք ձեր ձեռքերով, ինչի համար օրհնել է ձեզ ձեր Տէր Աստուածը։
8 Մի՛ արէք այն ամէնը, ինչ որ այսօր մենք այստեղ չենք անում. իւրաքանչիւրը իրեն հաճելի բանն է անում.
9 եւ մինչեւ այսօր դուք չէք հասել հանգստի ու ժառանգութեան այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է մեզ։
10 Երբ անցնելով Յորդանան գետը՝ բնակուէք այն երկրում, որ մեր Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու ձեզ, եւ երբ Նա ձեր շուրջը գտնուող բոլոր թշնամիներից ձեզ ազատի, ու դուք ապրէք ապահով,
11 այն ժամանակ մեր Տէր Աստծու ընտրած վայրը կը կոչէք նրա անունով եւ այնտեղ կը բերէք այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ ձեզ, այն է՝ ձեր ողջակէզները, զոհերը, տասանորդները, ձեր ձեռքերին գտնուող նուէրները, տուրքերը եւ ձեր նուիրաբերումները, որ ուխտ էք արել տալ ձեր Աստծուն։
12 Մեր Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, նաեւ ձեր ծառաներն ու աղախինները, ձեր յարկի տակ գտնուող ղեւտացին, որը ձեզ նման բաժին ու սեփականութիւն չունի։
13 Զգո՛յշ եղիր, որ քո ողջակէզները չմատուցես ուր որ պատահի.
14 քո ողջակէզները կը մատուցես քո քաղաքներից մէկում, այնտեղ, ուր կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Այնտեղ կը կատարես այն ամէնը, ինչ այսօր պատգամում եմ քեզ։
15 Որքան ցանկանաս, կարող ես մորթել եւ քո Տէր Աստծու օրհնութեամբ ուտել այն միսը, որ Նա տուել է քեզ բոլոր քաղաքներում։ Քեզ հետ բնակուող անմաքուր եւ մաքուր մարդիկ կարող են միասին ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն։
16 Արիւնը, սակայն, չպէտք է ուտէք, այլ իբրեւ ջուր այն պէտք է գետին թափէք։
17 Չհամարձակուես քո ցորենի, գինու, իւղի տասանորդը, արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամէն ինչը, քո խոստացած նուէրներն ու ձեռքի ընծաները ուտել քո քաղաքներում։
18 Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող պանդուխտը դրանք կ՚ուտէք ձեր Տէր Աստծու առջեւ, այնտեղ, ուր Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար։ Քո Տէր Աստծու առջեւ կ՚ուրախանաս այն ամէնի համար, ինչ արել ես քո ձեռքով։
19 Զգո՛յշ եղիր, որ ղեւտացուն չլքես այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես երկրի վրայ։
20 Եթէ քո Տէր Աստուածը իր խոստացածի համաձայն ընդարձակի քո սահմանները, եւ եթէ ցանկանաս միս ուտել ու ասես, թէ՝ Միս եմ ուզում ուտել, ապա ըստ քո ցանկութեան միս կ՚ուտես։
21 Իսկ եթէ քեզանից հեռու լինի այն վայրը, որ քո Տէր Աստուածը ընտրել է, որպէսզի իր անունով կոչես այն, ապա Աստծու քեզ տուած արջառներից կամ ոչխարներից կը մորթես, ինչպէս պատուիրել եմ քեզ, եւ ըստ քո ցանկութեան կ՚ուտես քո քաղաքներում։
22 Ինչպէս ուտւում են այծեամն ու եղջերուն, այդպէս էլ կ՚ուտես դա։ Քեզ հետ բնակուող անմաքուր ու մաքուր մարդիկ նոյնպէս կարող են ուտել։
23 Զգո՛յշ եղիր, որ արիւնը չուտես, որովհետեւ արիւնն անասունի հոգին է։
24 Հոգին մսի հետ չուտես. այն իբրեւ ջուր գետին թափի՛ր,
25 այն մի՛ կեր, որպէսզի լաւ լինէք դու եւ քեզանից յետոյ գալիք քո սերունդները, եթէ բարի ու հաճելի գործ կատարես քո Տէր Աստծու առջեւ։
26 Քո սրբութիւնները, եթէ ունես, քո ուխտած բաները վերցնելով՝ կը գաս այն վայրը, որը քո Տէր Աստուածը կ՚ընտրի իր համար, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։
27 Կ՚անես քո ողջակէզները. միսը կը դնես քո Տէր Աստծու զոհասեղանի վրայ, զոհի արիւնը կը թափես քո Տէր Աստծու զոհասեղանի յատակին, իսկ միսը կ՚ուտես։
28 Զգո՛յշ եղիր ու լսի՛ր. կը կատարես այն ամէնը, ինչ պատգամում եմ քեզ, որպէսզի յաւիտեանս լաւ լինի քեզ եւ քո որդիների համար, քանի որ քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին ես անում։
29 Եթէ քո Տէր Աստուածը քո առջեւ ազգեր կոտորի, եւ դու նրանց երկիրն իբրեւ ժառանգութիւն ստանալու համար մտնես այդ երկիրն ու նուաճես նրանց, բնակուես նրանց երկրում,
30 ապա զգո՛յշ եղիր, որ քո առջեւ նրանց կոտորուելուց յետոյ չգնաս նրանց հետքերով, չհետաքրքրուես նրանց կուռքերով ու չասես, թէ՝ Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նոյնն էլ ես անեմ Տիրոջը։
31 Նոյն կերպ չվարուես քո Տէր Աստծու նկատմամբ, որովհետեւ նրանք իրենց կուռքերի համար անում են գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը, որովհետեւ նրանք իրենց տղաներին ու աղջիկներին յանուն իրենց կուռքերի այրում են կրակի վրայ։
32 Զգո՛յշ եղիր, որ կատարես այն ամէնը, ինչ ես այսօր պատգամում եմ քեզ։ Դրա վրայ ոչինչ մի՛ աւելացրու եւ դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։