ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 19

1 Երբ քո Տէր Աստուածը կոտորի այն ազգերին, որոնց երկիրը քո Տէր Աստուածը տալու է քեզ, երբ ժառանգես այն եւ բնակուես նրանց քաղաքներում ու տներում,
2 այն ժամանակ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի մէջ երեք քաղաք կ՚առանձնացնես։
3 Նկատի առնելով ճանապարհները, երեքի կը բաժանես քո Տէր Աստծու քեզ բաժին տուած երկիրը, որպէսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանութիւն կատարած բոլոր մարդկանց համար։
4 Այդ քաղաքները փախչելով՝ այդտեղ ապաստան թող գտնի այն մարդասպանը, որ նախապէս թշնամութիւն չի ունեցել իր այդ մերձաւորի նկատմամբ եւ նրան սպանել է ակամայ.
5 ինչպէս, օրինակ՝ նա, ով իր մերձաւորի հետ մայրու անտառ է մտնում ծառ կտրելու, կացնով փայտ կտրելու համար բարձրացնում է իր ձեռքը, եւ կացինը կոթից պոկուելով՝ դիպչում է այդ մերձաւորին, ու սա մեռնում է։ Նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մէկնումէկը եւ փրկուի։
6 Այնպէս չլինի, որ սպանուածի արիւնակից հարազատը, որի սիրտը այրւում է, սպանողին հետապնդի, եթէ անգամ ճանապարհը հեռու է, եւ սպանի նրան։ Նա մահուան դատապարտուելու ենթակայ չէ, որովհետեւ նախապէս նրա նկատմամբ թշնամութիւն չի ունեցել։
7 Դրա համար էլ քեզ պատուիրում եմ ու ասում հետեւեալը. երեք քաղաք կ՚առանձնացնես քեզ համար։
8 Եթէ քո Տէր Աստուածը ընդարձակի քո սահմանները, ինչպէս Տէրը երդուել է քո հայրերին, եւ Տէրը քեզ տայ քո հայրերին խոստացած ամբողջ երկիրը,
9 եթէ լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատուիրանները, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, յաւիտեանս ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կ՚աւելացնես եւս երեք այլ քաղաքներ,
10 որպէսզի քո Տէր Աստծու քեզ ժառանգութիւն տուած երկրում անմեղ արիւն չթափուի, ձեր մէջ ոչ ոք արիւնապարտ չլինի։
11 Եթէ մէկն ատի իր մերձաւորին եւ նրա դէմ դաւ նիւթի, յարձակուի նրա վրայ, հարուածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մէկնումէկը,
12 ապա նրա քաղաքի ծերերը պէտք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու յանձնեն սպանուածի արեան վրէժը պահանջող հարազատի ձեռքը, որպէսզի նա սպանի նրան։
13 Դու նրան չպէտք է խնայես։ Իսրայէլի միջից կը վերացնես անմեղ արիւնը, որպէսզի լաւ լինի քեզ համար։
14 Մի՛ խախտիր քո մերձաւորի այն սահմանները, որ քո հայրերը քեզ ժառանգութիւն են տուել, եւ որը քո Տէր Աստուածը այդ երկրում քեզ է տուել իբրեւ սեփականութիւն։
15 Որեւէ մէկի անօրէնութիւնները, յանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մէկ մարդու վկայութիւնը բաւական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պէտք է հաստատուի ամէն բան։
16 Եթէ մի վկայ սուտ վկայութիւն տայ մի մարդու մասին եւ մեղադրի նրան անօրէնութեան մէջ,
17 ապա երկուսն էլ, որոնց մէջ հակառակութիւն կայ, պէտք է կանգնեն Տիրոջ առջեւ, քահանաների առջեւ, այդ օրուայ դատաւորների առջեւ,
18 եւ դատաւորները պէտք է արդարութեամբ քննեն գործը։ Եթէ հաստատուի, որ վկան սուտ վկայութիւն տալով է մեղադրել իր եղբօրը,
19 ապա նրա նկատմամբ կը կիրառէք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբօրը։ Դրանով չարը կը վերացնէք ձեր միջից։
20 Ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան եւ այլեւս չեն յանդգնի այդպիսի չար բան անել ձեր մէջ։
21 Նրան մի՛ խնայէք։ Կեանքի դիմաց՝ կեանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք։