Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 5

1 Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները։ Թէեւ նա էր անդրանիկը, սակայն, իր հօր անկողինը պղծելու պատճառով, հայրն իր օրհնութիւնը տուեց Իսրայէլի որդի Յովսէփին։ Ռուբէնը ազգահամարի մէջ իբրեւ անդրանիկ չգրուեց։
2 Թէեւ Յուդան զօրաւոր էր իր եղբայրների մէջ եւ նրանց իշխանը, բայց օրհնութիւնը Յովսէփին տրուեց։
3 Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները. Ենոք եւ Փաղղուս, Եսրոմ եւ Քարմի։
4 Յովէլի սերունդը. Սեմէի, Բեբենա,
5 Գոգ,
6 Սեմէի, Բաաղ, Բէէղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։
7 Նա էր Ռուբէնի ցեղի իշխանը։ Երբ նրա եղբայրներն իրենց տոհմերով ազգահամարի մէջ էին գրւում, նրանց իշխաններն էին Յովէլն ու Զաքարիան։
8 Յովէլի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղէին բնակուեց Արոյերում, Նաբաւում ու Բելմաոնում։
9 Նա բնակուեց արեւելքում՝ Եփրատ գետից մինչեւ անապատ, որովհետեւ Գաղաադում նա շատ անասուններ ունէր։
10 Սաւուղի օրօք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դէմ, եւ Գաղաադից դէպի արեւելք՝ վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան։
11 Գադի որդիները բնակուեցին նրանց դիմաց՝ Բասանից մինչեւ Մեղքէ։ Դրանք են. գլխաւորը՝ Յովէլ,
12 երկրորդը՝ Սափա, ապա Անայի, որ գրագիր էր Բասանում։
13 Նրանց եղբայրները բնակուեցին ըստ իրենց ազգատոհմերի տների. դրանք են. Միքայէլ, Մոսողաամ, Սոբայէ, Յորէ, Յաքան, Ազիա եւ Օբէդ։
14 Այս եօթը Աբիքայիայի որդիներն էին. ինքը՝ Ուրիի որդին, սա՝ Ադայի որդին, սա՝ Գաղաադի որդին, սա՝ Միքայէլի որդին, սա՝ Յեսսայի որդին, սա՝ Յեգդադի որդին, սա՝ Աքիբուզի որդին,
15 սա՝ Աբդիէլի որդին, սա՝ Գունի որդին։ Աբիքայիան նրանց ազգատոհմերի իշխանն էր,
16 որոնք բնակւում էին Գաղաադում, Բասանում եւ նրանց աւաններում, Սարոնի շրջակայ բոլոր գաւառներում, մինչեւ նրանց սահմանները։
17 Նրանք ազգահամարի մէջ մտան Յուդայի արքայ Յովաթամի եւ Իսրայէլի արքայ Յերոբովամի օրօք։
18 Ռուբէնի ու Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղի մարդիկ զօրաւոր էին։ Նրանք պատերազմի սովոր էին՝ վահաններ ու սրեր ունէին, աղեղներ էին լարում ու քառասունչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարտիկներով պատերազմի էին ելնում։
19 Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների եւ նաբիմացիների դէմ։
20 Նրանք յարձակուեցին նրանց վրայ։ Հագարացիները յանձնուեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետեւ պատերազմի ժամանակ իսրայէլացիները Աստծուն էին ուղղել իրենց խնդրանքը։ Աստուած լսել էր նրանց, քանի որ իր վրայ էին դրել իրենց յոյսը։
21 Նրանք աւար առան հագարացիների մթերանոցը. հինգ հազար ուղտ, երկու հարիւր յիսուն հազար ոչխար, երկու հազար էշ. գերեցին հարիւր հազար մարդ։
22 Շատերն սպանուեցին, որովհետեւ պատերազմը Աստծուց եղաւ։ Իսրայէլացիները բնակուեցին նրանց բնակավայրերում մինչեւ իրենց գերեվարումը։
23 Մանասէի կէս ցեղը բնակուեց ու բազմացաւ Բասանի երկրից մինչեւ Բաաղերմոն եւ Սանիր, Ահերմոնի լեռից մինչեւ Լիբանան։
24 Սրանք են նրանց տոհմատների իշխանները. Օփեր, Յեսսի, Ելիէլ, Եզիէլ, Յերեմիա, Յոդիա եւ Իգիէլ, որոնք զօրեղ մարդիկ էին, իրենց տոհմատների անուանի իշխանները։
25 Նրանք, սակայն, ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդէպ, լքեցին նրան ու գնացին այն օտար երկրների աստուածների յետեւից, որոնց Աստուած նրանց ներկայութեամբ ոչնչացրել էր։
26 Եւ Աստուած Իսրայէլի դէմ գրգռեց Ասորեստանի արքայ Փանոքի հոգին ու Սուբի արքայ Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբէնի ցեղին, Գադդիի ցեղին եւ Մանասէի կէս ցեղին, տարան Քաղա ու Քաբոր, Գոզան գետի եզերքը, ուր եւ մնում են մինչեւ այսօր։