Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 28

1 Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին, գլխաւոր դատաւորներին, արքային հերթով սպասարկող բոլոր իշխաննեերին, հազարապետներին, հարիւրապետներին, գանձապահներին, իր ստացուածքների վերակացուներին, զօրահրամանատարներից քաջարիներին ու արի պատերազմիկներին հաւաքեց Երուսաղէմում։
2 Դաւիթը կանգնեց ժողովականների մէջ եւ ասաց. Լսեցէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր եւ իմ ժողովո՛ւրդ։ Նպատակ եմ դրել Տիրոջ ուխտի տապանակի համար մշտական տեղ պատրաստել եւ մեր Տիրոջ ոտքին՝ պատուանդան։ Այդ բանի համար շինանիւթ եմ պատրաստել՝ բազում քանակութեամբ ոսկի, արծաթ, պղինձ, արոյր, երկաթ եւ փայտ։
3 Սակայն Աստուած ինձ ասաց. Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանզի դու պատերազմող մարդ ես եւ շատ արիւն ես թափել։
4 Աստուած բոլոր ազգերից ընտրեց Իսրայէլին, իր թագաւորութիւնը հաստատուն պահելու համար ամբողջ Իսրայէլից ընտրեց Յուդայի ցեղին։ Յուդայի տնից ընտրեց իմ հօր տունը եւ ուզեց, որ ե՛ս լինեմ իմ հօր տնից թագաւոր ամբողջ Իսրայէլի վրայ։
5 Տէրն ինձ բազում որդիներ տուեց, բայց իմ բոլոր որդիներից ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայէլում նստի Տիրոջ թագաւորութեան գահին։
6 Աստուած ասաց ինձ. Քո Սողոմոն որդին է շինելու իմ տունն ու իմ գաւիթը, քանզի նրան եմ ընտրել որպէս որդի, եւ ես եմ նրան հայր լինելու։
7 Նրա թագաւորութիւնը յաւիտեան հաստատուն կը դարձնեմ, եթէ պահի իմ պատուիրաններն ու օրէնքները, ինչպէս պահել է մինչեւ հիմա։
8 Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջեւ եւ ի լուր մեր Աստծու պարտաւորեցնում եմ ձեզ. պահել-պահպանել մեր Տէր Աստծու բոլոր պատուիրանները, որ ժառանգէք լաւ երկիրը եւ այն ձեզնից յետոյ իբրեւ ժառանգութիւն յաւիտենապէս յանձնէք ձեր որդիներին։
9 Եւ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու յօժար մտքով, քանզի Տէրը քննում է ամենքի սրտերը, եւ նա գիտի բոլորի մտածումները. եթէ փնտռես նրան, նա կը գտնուի քեզ համար, իսկ եթէ թողնես նրան, նա քեզ կը լքի իսպառ։
10 Այժմ տե՛ս, Տէրը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպէս սրբավայր։ Ուրեմն զօրացի՛ր եւ իրագործի՛ր։
11 Դաւիթն իր որդի Սողոմոնին տուեց տաճարի, նրա սենեակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների եւ քաւութեան սենեակի յատակագիծը
12 եւ դրա այն օրինակը, որ ունէր իր մտքում Տիրոջ տան գաւիթների, շուրջը գտնուող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբութիւնների պահեստի համար։
13 Նա տուեց քահանաների ամենօրեայ սպասաւորութեան, Տիրոջ տանը ղեւտացիների պարտականութիւնների եւ Տիրոջ տան սպասաւորութեան անօթների պահեստի ծրագիրը։
14 Նրան տուեց նաեւ ոսկէ ու արծաթէ անօթների,
15 աշտանակների ու ճրագների,
16 առաջաւորութեան սեղանի եւ ամէն մի սեղանի ոսկու, ոսկէ ու արծաթէ բոլոր իրերի,
17 մեծ պատառաքաղների, բաժակների, ոսկէ ու արծաթէ տաշտերի եւ ոսկէ ու արծաթէ առարկաների, խնկամանների ամէն մէկի կշռաչափը։
18 Նա նրան յայտնեց նաեւ խնկերի զոհասեղանների մաքուր ոսկու կշռաչափը եւ նմուշն այն քերովբէների, որոնք իրենց թեւերը տարածելով պէտք է հովանի անէին Տիրոջ ուխտի տապանակի վրայ։
19 Դաւիթը Տիրոջ ձեռքով գրուած ամէն ինչ տուեց Սողոմոնին, մի գրութիւն, որի մէջ կայ իմաստութիւն եւ իրագործման ծրագիր։
20 Դաւիթն ասաց իր որդի Սողոմոնին. Զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր եւ մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի իմ Տէր Աստուածը քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչեւ որ աւարտես Տիրոջ ամբողջ տան կառուցումը։ Ահա տաճարի, նրա սենեակների, նրա գաւիթների, նրա վերնատների, շտեմարանների, ներքնատների եւ քաւութեան սենեակի օրինակը,
21 ինչպէս նաեւ քահանաների, Աստծու տանը մատուցուելիք բոլոր պաշտամունքների համար ղեւտացիների ամենօրեայ սպասաւորութեան ծրագիրը։ Քեզ հետ թող լինեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հմտօրէն աշխատելու ըստ իրենց արհեստների, իսկ իշխաններն ու համայն ժողովուրդը թող պատրաստ լինեն քո հրամաններին ենթարկուելու։