Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 15

1 Դաւիթն իր համար տներ կառուցեց Դաւթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց, դրա համար վրան կանգնեցրեց։
2 Այն ժամանակ Դաւիթն ասաց. Ոչ ոք իրաւունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղեւտացիներից, որովհետեւ Տէրն է նրանց ընտրել իր տապանակը կրելու եւ նրա առաջ յաւիտեան ծառայելու համար։
3 Եւ Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Երուսաղէմում, որ Տիրոջ տապանակը դրա համար պատրաստուած տեղը բերեն։
4 Դաւիթը հաւաքեց Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին.
5 Կահաթի որդիներից՝ Ուրիէլ իշխանին եւ նրա հարիւր քսան ցեղակից եղբայրներին,
6 Մերարիի որդիներից՝ Սայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր յիսուն ցեղակից եղբայրներին,
7 Գերսոնի որդիներից՝ Յովէլ իշխանին եւ նրա հարիւր երեսուն ցեղակից եղբայրներին,
8 Ելիսափանի որդիներից՝ Սամայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր ցեղակից եղբայրներին,
9 Քեբրոնի որդիներից՝ Ելիէլ իշխանին եւ նրա ութսուն ցեղակից եղբայրներին,
10 Օզիէլի որդիներից՝ Ամինադաբ իշխանին եւ նրա հարիւր տասներկու ցեղակից եղբայրներին։
11 Դաւիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին ու ղեւտացիներին՝ Ուրիէլին, Ասայիասին, Յովէլին, Սամայիասին, Ելիէլին, Ամինադաբին
12 եւ ասաց նրանց. Դուք ղեւտացիների տոհմերի իշխաններն էք, մաքրուեցէ՛ք դուք ու ձեր եղբայրները եւ Աստծու տապանակը բերէ՛ք այն տեղը, որ դրա համար պատրաստել եմ։
13 Չէ՞ որ առաջին անգամ Աստուած մեզ մահացու հարուած հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Յիրաւի, մենք տապանակի հետ չէինք վարուել, ինչպէս կարգն է։
14 Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին, որ բերեն Իսրայէլի Աստծու տապանակը։
15 Ղեւտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ դրա բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպէս Մովսէսն էր գրաւոր պատուիրել ըստ Աստծու ասածի։
16 Դաւիթն ասաց ղեւտացիների իշխաններին. Ձեր եղբայրներին ասացէ՛ք, որ սաղմոսներ երգեն նուագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախութեան ձայներ առաքեն դէպի վեր։
17 Եւ ղեւտացիները առանձնացրին Յովէլի որդի Նամանին ու նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու նրա եղբայր Մերարիի որդիներից Կիսի որդի Եթանին։
18 Ապա նրանց հետ իրենց երկրորդ դասի եղբայրներ Զաքարիասին, Յովէլին, Սեմիրամոթին, Եէլին, Անանիասին, Եղիաբին, Բանեասին, Մասեասին, Մատաթիասին, Ելիբաղային, Մակէդիասին, Աբէդդոմին, Յեէլին եւ Օզիասին, որոնք դռնապաններ էին։
19 Աման, Ասափ եւ Եթան նուագածուները թնդացնում էին պղնձէ նուագարանները։
20 Զաքարիասը, Օզիէլը, Սեմիրամոթը, Ելիէլը, Անանիասը, Եղիաբը, Մասեասը եւ Նաթայիասը քնար էին ածում ըստ Աղեմոթի։
21 Մատաթիասը, Ելիփաղատը, Մակեղիան, Աբէդդոմը, Յեւէլը եւ Օզիասը սրինգ էին նուագում ըստ Սենեթիասի՝ բարձր ձայն հանելու համար։
22 Ղեւտացիների իշխան Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր։
23 Բարաքիասն ու Եղկանան տապանակի դռնապաններն էին։
24 Սոբենիաս, Յոսափատ, Նաթանիէլ, Աման, Զաքարիաս, Բանեաս եւ Ելիեզեր քահանաները Աստծու տապանակի առջեւից գնալով՝ շեփորներ էին հնչեցնում, իսկ Աբէդդոմը եւ Յեիասը Աստծու տապանակի դռներն էին պահպանում։
25 Դաւիթը, Իսրայէլի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեամբ հանեն Աբեդդարի տնից։
26 Երբ Աստուած ուժ տուեց իշխաններին, որ սրանք կարողանան կրել Տիրոջ ուխտի տապանակը, եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհաբերուեցին։
27 Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։ Բոլոր ղեւտացիներն ու սաղմոսերգուները բարձրացրին Տիրոջ ուխտի տապանակը, իսկ Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում։ Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։
28 Ամբողջ Իսրայէլը Տիրոջ ուխտի տապանակը տարաւ տօնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տաւիղներ նուագելով։
29 Երբ Աստծու տապանակը հասաւ Դաւթի քաղաքը, Սաւուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ Դաւիթ արքան երգում է ու պարում, իր հոգում արհամարհեց նրան։