Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 17

1 Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, ասաց Նաթան մարգարէին. Ահա ես բնակւում եմ մայրի փայտից կառուցուած իմ տանը, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է։
2 Նաթանն ասաց Դաւթին. Ինչ որ կայ սրտումդ, արա՛, քանզի Աստուած քեզ հետ է։
3 Եւ այդ գիշեր Տէրը խօսքն ուղղելով Նաթանին՝ ասաց.
4 Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին, թէ Տէրն այսպէս է ասում. Դու ինձ համար բնակուելու տուն չպիտի շինես,
5 քանզի իսրայէլացիներին Եգիպտոսից հանելուց մինչեւ այսօր երբեք տան մէջ չեմ բնակուել, այլ անտուն վրանաբնակ եմ եղել։
6 Ամենուրեք, որ իսրայէլացիների հետ եմ եղել, մի՞թէ որեւէ բան եմ ասել Իսրայէլի ցեղերից որեւէ մէկին կամ նրա դատաւորներին, որոնց պատուիրել էի հովուել իմ ժողովրդին, ասելով, թէ՝ Ինչո՞ւ ինձ համար մայրի փայտից տուն չէք շինում։
7 Արդ, հետեւեա՛լն ասա իմ ծառայ Դաւթին. Այսպէս է ասում ամենակալ Տէրը. Ես քեզ արօտավայրից՝ ոչխարների յետեւից վերցրի, որ Իսրայէլի իմ ժողովրդին առաջնորդ լինես։
8 Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրայ եղած մեծամեծերի անուան պէս քեզ համար տուն ստեղծեցի։
9 Արդ, Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես, եւ նա առանձին պիտի բնակուի, ոչ մի հոգս պիտի չունենայ, եւ ոչ մի անիրաւութիւն նախկինի նման նրան այլեւս չպիտի ընկճի,
10 ինչպէս սկզբում, այն օրերին, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ էի կարգել, քեզ ենթարկել քո բոլոր թշնամիներին։ Արդ, ես՝ Տէրս, քեզ պիտի բազմացնեմ ու կառուցեմ քո տունը։
11 Եւ երբ քո օրերը լրանան, դու կը ննջես քո նախնիների հետ։ Քեզնից յետոյ քեզնից ծնուած քո զաւակին պիտի բարձրացնեմ եւ պիտի պատրաստեմ նրա թագաւորութիւնը։
12 Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը յաւիտենական պիտի դարձնեմ։
13 Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածութիւնը նրանից չեմ պակասեցնելու, ինչպէս որ այն զլացել էի քեզնից առաջ եղածների հանդէպ։
14 Նա հաւատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, եւ նրա թագաւորութիւնը յաւիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչեւ յաւիտեան։
15 Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս ամբողջ յայտնութիւնը նոյնութեամբ պատմեց Դաւթին։
16 Եկաւ Դաւիթ արքան ու նստելով Տիրոջ առջեւ՝ ասաց. Ո՞վ եմ ես, Տէ՛ր Աստուած, եւ կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր յաւիտեան։
17 Կարծես այս բաները քիչ երեւացին քո աչքին, Աստուա՛ծ, հիմա էլ երկար ժամանակ խօսեցիր քո ծառայի մասին, վերաբերուեցիր ինձ հետ, ինչպէս բարձր կանգնած մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տէ՛ր Աստուած։
18 Ի՞նչ խօսք աւելացնի Դաւիթը քեզ փառաւորելու համար. ինքդ ճանաչում ես քո ծառային
19 եւ ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծութիւնը, Տէ՛ր։
20 Քեզ նման ոչ ոք չկայ, եւ քեզնից բացի այլ Աստուած չկայ՝ դատելով այն բոլոր խօսքերից, որ լսել ենք մեր ականջներով։
21 Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին։ Դու ստացար մեծ ու երեւելի անուն՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջեւից։ Դու նրան ազատեցիր Եգիպտոսից։
22 Քո իսրայէլացի ժողովրդին յաւիտենապէս ժողովուրդ դարձրիր քեզ, եւ դու նրանց համար Աստուած եղար։
23 Արդ, Տէր իմ, այն խօսքը, որ ասացիր քո ծառայի եւ նրա տան մասին, թող հաստատ լինի յաւիտեան։
24 Դու ասացիր, Տէ՛ր, ամենակալ Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թէ քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ,
25 քանզի դու, Տէ՛ր, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ քեզ համար տուն եմ կառուցելու, եւ դրա համար քո ծառան աղօթք է անում քո առջեւ։
26 Արդ, Տէ՛ր, դու ես Աստուած, եւ դու ասացիր այդ բարի խօսքերը քո ծառայի մասին։
27 Սկսի՛ր այսուհետեւ օրհնել քո ծառայի տունը, որ յաւիտեան լինի քո առջեւ, քանզի, Տէ՛ր, դո՛ւ օրհնեցիր եւ օրհնի՛ր նրան յաւիտեան։