Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 22

1 Դաւիթն ասաց. Այս է Տէր Աստծու տունը, եւ այս է Իսրայէլի ողջակէզների զոհասեղանը։
2 Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն Աստծու տունը։
3 Դաւիթը շատ երկաթ հաւաքեց դռների բեւեռների ու դռների համար. նա երկաթէ շրջանակներ պատրաստել տուեց, հաւաքեց շատ առատ պղինձ, որի կշիռը հաշիւ չունէր,
4 մայրի փայտեր, որոնց թիւ ու սահման չկար, քանզի սիդոնացիներն ու տիւրացիները առատօրէն մայրի փայտ էին բերում Դաւթին։
5 Դաւիթն ասաց. Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պէտք է կառուցուի Տիրոջ համար, պէտք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակաւոր։ Դրա համար շինանիւթ եմ պատրաստում։ Դաւիթն իր մահուանից առաջ շատ պատրաստութիւն տեսաւ։
6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նրան Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել։
7 Դաւիթն ասաց Սողոմոնին. Որդեա՛կ իմ, մտքումս կար Տէր Աստծու անուան տուն շինել,
8 բայց Աստծու խօսքն ինձ հասաւ, թէ՝ Շատ արիւն ես թափել եւ մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անուան տուն չես շինելու, քանզի շատ արիւն ես թափել երկրի վրայ իմ առաջ։
9 Ահա դու մի որդի կ՚ունենաս, որը հանգիստ մարդ կը լինի։ Ես նրան հանգստութիւն եմ տալու շրջակայ բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կը լինի, եւ ես խաղաղութիւն ու հանգստութիւն եմ տալու Իսրայէլին նրա օրերում։
10 Նա իմ անուան տուն է կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, եւ նրա թագաւորութեան աթոռը Իսրայէլում հաստատելու եմ յաւիտեան։
11 Արդ, որդեա՛կ իմ, Տէրը քեզ հետ թող լինի ու յաջողութիւն տայ քեզ, որ շինես քո Տէր Աստծու տունը, ինչպէս որ նա ասել է քո մասին։
12 Թող Տէրը քեզ հանճար եւ իմաստնութիւն տայ ու զօրացնի քեզ Իսրայէլի վրայ, որ պահպանես քո Տէր Աստծու օրէնքները։
13 Դու յաջողութիւն կ՚ունենաս, եթէ պահպանես այն պատուիրաններն ու օրէնքները, որ Տէրը Մովսէսին պատգամել էր Իսրայէլի համար։ Եղի՛ր քաջարի, հզօրացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։
14 Ես իմ աղքատութեան մէջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարիւր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիւ չկայ, որովհետեւ չափազանց շատ են։ Հաւաքել եմ նաեւ փայտ ու քար,
15 բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ գործաւորներ,
16 իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը կան անթիւ քանակութեամբ։ Արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տէրը քեզ հետ է։
17 Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին պատուիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.
18 Չէ՞ որ Տէրը ձեզ հետ է եւ ձեզ հանգիստ է տուել ամէն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է յանձնել այս երկրի նախկին բնակիչներին, եւ այս երկիրը հնազանդուել է Տիրոջն ու նրա ժողովրդին։
19 Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտռեն մեր Տէր Աստծուն, ելէ՛ք եւ շինեցէ՛ք մեր Տէր Աստծու սրբարանը, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստծու սուրբ սպասքը տանէք այն տունը, որ կառուցելու էք Տիրոջ անունով։