Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 19

1 Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների Նաաս արքան, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Անանը։
2 Դաւիթն ասաց. Եկէք ողորմածութիւն ցոյց տանք Նաասի որդի Անանի նկատմամբ, ինչպէս որ նրա հայրն էր ինձ ողորմածութիւն ցոյց տալիս։ Եւ Դաւիթը դեսպաններ ուղարկեց, որ մխիթարեն նրան հօր համար։ Դաւթի ծառաները եկան ամոնացիների երկիրը, որ մխիթարեն Անանին։
3 Ամոնի իշխաններն ասացին Անանին. Քո հօր յիշատակը մեծարելո՞ւ համար է Դաւիթը մխիթարողներ ուղարկել, չէ՞ որ նրա ծառաները եկել են նրա համար, որ հետախուզեն քաղաքները, լրտեսեն երկիրը։
4 Եւ Անանը բռնեց Դաւթի ծառաներին, ածիլեց նրանց մօրուքը, նրանց պատմուճանները պատռեց մէջտեղից մինչեւ վեր ու արձակեց նրանց։
5 Եկան ու Դաւթին պատմեցին այդ մարդկանց մասին։ Նա մարդ ուղարկեց, որ դիմաւորեն նրանց, որովհետեւ նրանք խիստ անարգուած էին։ Արքան ասաց. Մնացէ՛ք Երիքովում, մինչեւ որ ձեր մօրուքները աճեն, որից յետոյ կը վերադառնաք։
6 Երբ ամոնացիները տեսան, որ Դաւթի զօրքը անարգանք կրեց, Անանը եւ ամոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին եւ իրենց համար Ասորիքից, Միջագետքից եւ Ասորիքի Մաաքա ու Սուբա քաղաքներից վարձեցին մարտակառքեր ու հեծեալներ,
7 վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, Մովաբի արքային ու նրա զօրքին։ Սրանք եկան բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամոնացիները հաւաքուեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։
8 Դաւիթը լսեց եւ ուղարկեց Յովաբին ու հզօրների գունդը։
9 Ամոնացիները դուրս եկան եւ պատերազմի շարուեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ այն եկած թագաւորները դաշտում առանձին ճակատ կազմեցին։
10 Երբ Յովաբը տեսաւ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դէմ թէ՛ առջեւից, թէ՛ յետեւից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայէլացիներին եւ նրանց դասաւորեց ասորիների դիմաց,
11 իսկ զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբայր Աբեսսային եւ նրանց շարեց ամոնացիների դիմաց։
12 Նա ասաց. Եթէ ասորիները մեր նկատմամբ գերակշռութիւն ունենան, դու ինձ օգնութեան կը հասնես, իսկ եթէ ամոնացիները քո նկատմամբ գերակշռութիւն ունենան, ես քե՛զ օգնութեան կը հասնեմ։
13 Քաջասի՛րտ եղիր եւ թող զօրանանք յանուն մեր ժողովրդի եւ մեր Աստծու քաղաքների։ Տէրը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թւում։
14 Յովաբն իր հետ եղած զօրքով ասորիների դէմ պատերազմի ելաւ, եւ սրանք փախուստի դիմեցին։
15 Երբ ամոնացիները տեսան, թէ ասորիները փախան, իրենք եւս փախուստի դիմեցին Յովաբի եւ նրա եղբայր Աբեսսայի առջեւից ու մտան քաղաք։ Յովաբը եկաւ Երուսաղէմ։
16 Երբ ասորիները տեսան, թէ իսրայէլացիները իրենց յաղթեցին, պատգամաւորներ ուղարկեցին եւ դուրս բերեցին Եփրատ գետի այն կողմի ասորիներին։ Ադրազարի զօրքի հրամանատար Սոփաքն էր նրանց առաջնորդում։
17 Երբ Դաւթին պատմեցին այդ մասին, նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետն ու գնաց նրանց դէմ։ Նա իր զօրքը շարեց ասորիների դիմաց եւ պատերազմեց նրանց դէմ։
18 Ասորիները փախան Դաւթի առջեւից։ Դաւիթը ասորիներից եօթը հազար մարտակառքի հեծեալներ ու քառասուն հազար հետեւակ կոտորեց, սպանեց զօրքի հրամանատար Սոփաքին։
19 Երբ Ադրազարի ծառաները տեսան, որ իրենք պարտուած են Իսրայէլից, Դաւթի հետ հաշտութիւն կնքեցին, նրա իշխանութեան տակ մտան, իսկ ասորիները այլեւս չուզեցին օգնել ամոնացիներին։