Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 10

1 Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների վրայ։
2 Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝ Սաւուղի որդիներին։
3 Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել։
4 Սաւուղն ասաց իր կապարճակրին. Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ։ Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն ինձ։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի շատ վախեցել էր։ Այն ժամանակ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ դրա վրայ։
5 Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ։
6 Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ։
7 Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել, թողեցին իրենց քաղաքները եւ փախան, իսկ այլազգիները եկան ու բնակուեցին նրանց քաղաքներում։
8 Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա որդիներին,
9 մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։
10 Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը։
11 Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ։
12 Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Յաբիսում գտնուող կաղնու տակ ու եօթը օր ծոմ պահեցին։
13 Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ էր հարցրել, փոխանակ Տիրոջը խնդրելու։ Նրան դէմ էր կանգնել Սամուէլ մարգարէն։
14 Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին։