ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 3

1 Պատանի Սամուէլը Հեղի քահանայի առջեւ Տիրոջը ծառայութիւն էր անում։ Այդ օրերին Տիրոջ խօսքը հազուագիւտ էր, եւ տեսիլք չկար, որ գուշակուէր։
2 Եւ պատահեց, որ այդ ժամանակ Հեղին ննջում էր իր սենեակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել։
3 Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, եւ Սամուէլը ննջում էր Տիրոջ տաճարում, ուր գտնւում էր Աստծու տապանակը։
4 Տէրը կանչեց՝ ասելով. Սամուէ՛լ, Սամուէ՛լ։ Սա պատասխանեց. Ահա այստեղ եմ։
5 Նա Հեղիի մօտ վազելով՝ ասաց. Ահա ես այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ։ Նա ասաց. Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր։
6 Նա վերադարձաւ ու քնեց։ Տէրը կրկին կանչեց. Սամուէ՛լ, Սամուէ՛լ։ Վեր կացաւ Սամուէլը, երկրորդ անգամ գնաց Հեղիի մօտ ու ասաց. Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ։ Նա ասաց. Ես քեզ չեմ կանչել, որդեա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր։
7 Սամուէլը, նախ, անծանօթ էր Տիրոջը, եւ Տիրոջ խօսքը նրան դեռ չէր յայտնուել։
8 Նորից՝ երրորդ անգամ Տէրը կանչեց Սամուէլին, որը վեր կացաւ, գնաց Հեղիի մօտ եւ ասաց. Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ։
9 Հեղին հասկացաւ, որ Տէրն է կանչում պատանուն։ Հեղին ասաց Սամուէլին. Վերադարձի՛ր, որդեա՛կ, ու ննջի՛ր։ Եւ եթէ որեւէ մէկը քեզ կանչի, կ՚ասես. Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է։
10 Գնաց Սամուէլն ու պառկեց իր տեղում։ Տէրն եկաւ, կանգնեց եւ, ինչպէս նախորդ անգամները, կանչեց նրան. Սամուէ՛լ, Սամուէ՛լ։
11 Սամուէլն ասաց. Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է։ Տէրն ասաց Սամուէլին. Ահա ես Իսրայէլի մէջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան։
12 Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամէնը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչեւ վախճանը։
13 Ինչպէս ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրէնութիւնների համար մինչեւ վերջ իր սերնդից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր յանդիմանում։
14 Աւելին. երդուել եմ Հեղիի տան վրայ, որ նրա տան անօրէնութիւնը խնկերով եւ զոհերով քաւութիւն չի ստանալու յաւիտեան։
15 Սամուէլը ննջեց մինչեւ առաւօտ եւ վաղ առաւօտեան, զարթնելով, բացեց Տիրոջ տան դռները։
16 Սամուէլը վախեցաւ տեսիլքը պատմել Հեղիին։
17 Հեղին Սամուէլին ասաց. Սամուէ՛լ, որդեա՛կ։ Սա ասաց. Ահա այստեղ եմ։ Նա ասաց. Ինչ խօսքեր որ քեզ ասաց Տէրը, մի՛ թաքցրու ինձանից։ Աստուած քեզ թող առաւել պատժի, եթէ քո ականջին ասուած խօսքերից որեւէ բան թաքցնես ինձանից։
18 Սամուէլն ամէն ինչ պատմեց նրան՝ նրանից ոչինչ չթաքցնելով։ Հեղին ասաց. Տէրը թող անի այն, ինչ բարի է իր համար։
19 Սամուէլը մեծացաւ, Տէրը նրա հետ էր, եւ նրա ասած խօսքերից ոչ մէկը գետնին չմնաց։
20 Ամբողջ Իսրայէլը, Դանից մինչեւ Բերսաբէէ, իմացաւ, որ Սամուէլը դարձել է Տիրոջ մարգարէ։
21 Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի։ Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր։